Որքա՞ն կկազմի գազի նոր սակագինը

«Հաշվի առնելով հանգամանքը, որ կառավարությունը սուբսիդավորելու է 30 տոկոսով ու այլ հանգամանքներ, այս պահին հիմնավորված կարող եմ ասել, որ գազի գինը կսահմանվի մեկ խորանարդ մետրի դիմաց՝ 156 դրամ»,-Panorama.am-ի փոխանցմամբ’ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը։

Հիշեցնենք, որ «Հայռուգազարդ» ընկերությունը դիմել է հանձնաժողովին 10 հազար խմ գազի գինը գործող 132 000 դրամի փոխարեն’ 221 000 դրամ սահմանելու հայտով: Կառավարությունը հայտարարեց, որ ներկրվող գազը կսուբսիդավորի 30 տոկոսով:

Գարեգին Բաղրամյանը նշել է նաև, որ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա շուրջ 27%-ով, այսինքն’ կավելանա 7-8 դրամով:

Մեկ այլ աղբյուր’ eMedia.am-ը գրում է, որ Բաղրամյանի խոսքով’ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագնի թանկացման մասին տեղեկություն է ստացել մայիսի 14–ին:

Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով 2013-2014 թվականներին կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության հաշվեկշռի փոփոխությունը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքի մեծության և մի շարք այլ գործոնների փոփոխությունները, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:

Հիշեցնենք, մինչ այժմ ամսեկան մինչև 10 000 խորանարդ մետր սպառողների համար գազի սակագինը եղել է 132 000 դրամ՝ 1000 խորանարդ մետրի, կամ 132 դրամ/խորանարդ մետր։ Այսպիսով, գազը թանկացավ 18 տոկոսով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում