Առավոտին սպասելիս
Նմանատիպ
Հրաշալի ենք մենք,
Ջուրը ողողում է ափերը,
Լույսը՝ փողոցները գիշերվա,
Բառերը՝ մենությունը երեկոյի,
Եվ դու՝ կիսատ-պռատ մի մարդու,
Որքան ցանկալի է կյանքը,
Որքան դառն ու անզուսպ,
Քայլիր ինձ հետ,
Երբ թափվում ես
Ինքդ քեզնից հոգնած,
Նայիր ինձ հետ հեռուն,
Երբ ինքդ քեզնում
Դադար ես ու միայնություն,
Հրաշալի ենք մենք,
Ով կլինի քեզ հետ,
Երբ երկրաշարժվի կյանքը,
Ով կլինի քեզ հետ,
Երբ փակվելը դառնա բնազդ,
Երբ պատին
Պատուհան նկարես ու թղթե արև,
Վերջին համբերությունն եմ
քարացած արևի,
որ հյուսիսն է ծածկում,
Վերջին նավը
Կորստի կղզում սպասողի,
Մնա ինձ հետ,
Ու գրողի ծոցը
Աստվածները բոլոր,
Որ կյանք են հորինում:
Հյուսիսից հարավ,
Արևելքից արևմուտք,
Երկնքից երկիր
Դու իմն ես
Ու ես՝ քոնը,
Ծովի վերջին քամի,
Ու նավաստին
Հին ռոմի շշում
Բառերն է խցկում
Նոր կյանքի մասին:
Ժամանակը
Նստել է կողքիս,
Ու ոչինչ չունի
Սկիզբ կամ վերջ,
Մեկի աչքերը,
Որ տեսել եմ
Դուռը ծածկելիս,
Երբ շուրջը
Չտեղավորվող լույս էր,
Հազիվ լսելի
Շշնջում է՝
Երբեք, լսում ես, երբեք…
Ո՞ւր էիր դու,
Երբ բորենիների հետ
Որջ էի փնտրում,
Երբ լեշ էի ծամում
Ծակծկված երազանքից,
Երբ երակներս
Խցանված էր քաոսով,
Երբ ձեռքերիս մեջ
Խոնավ կրկնությունն էր
Հաջողության,
Որ իմը չէր,
Որ քոնը չէր,
Թե լսո՞ւմ ես, ասա,
Ինչպե՞ս էր մեկը
Փորձում ծամել
Օրերի դատարկությունը,
Ստվերների մեջ
Իրեն տուն էր փնտրում,
Մեռած բառերի մեջ՝
Մնացորդ կյանքի,
Հիմա եկել ես,
Հազիվ լսելի ձայնով
Շշնջում ես
Հեռու երկրի
Մարդկանց մասին,
Ում թողեցիր
Որպես չմարսվող
Մի սկիզբ,
Երբ օտարությունը
Դառնահամ է տալիս,
Մոռացե՞լ ես,
Երբեք, լսում ես, երբեք։
Երբեմն սովորում ես ապրել,
Զարթնում ես
Մի պարզ առավոտ՝
Աչքերդ ճպռոտ,
Գիշերային մղձավանջը ուսիդ,
Հանկարծ,
Շատ պատահական
Ոչինչ չես փնտրում,
Ոչինչ չես ուզում,
Ներսդ ու դուրսդ
Մի քիչ ամպոտ,
Մի քիչ տաք
Քամի է խաղում,
Եվ բառերից անդին
Միակ իրականությունը
Կյանքն է,
Երբ զգում ես,
Որ կաս,
Երբ հորիզոնը
Ճաքում է
Անորսալի խաղաղությամբ։
Ուրիշ երկրում
Երջանիկ են ապրում,
Ոչինչ չեն փնտրում
Եվ չեն կորցնում ոչինչ,
Ուրիշ երկրում
Որքան հեշտ է հեռանալը,
Չհիշել անունդ,
Չփնտրել տունդ,
Չիմանալ հևքդ,
Տես՝ ինչպես քնքշորեն
Քաղաքը ստանում է
Մկրտությունն արևի,
Գետի շուրջ
Գետն ի վար
Ծորում է հուսահատությունը
Քարե երազների,
Որ անցորդներն են
Մենակյաց փողոցի,
Փնտրումը խժռում է
Աչքերը երիտասարդ,
Եվ որքան դժվար է
Տեղավորել
ԵրիտասարդությունըԾ
Կանգառներում
Հիասթափության,
Բոլոր ավտոբուսները
Ուրիշ երկիր
Պիտի գնան,
Երազողն ու հուսահատը,
Մեռնողն ու ապրողը
Պիտի քայլեն,
Թռչեն, սուզվեն
Ուրիշ երկիր,
Ուր ասում են՝
Երջանիկ են,
Երբ մենք չկանք:
Մարդկանցից
Ամենադատարկը
Փորձեց կյանք նկարել,
Ու շուրջը
Կտրված ծառեր են
Միայն,
Որ գիրք են կարում
Դատարկ բառերից:
Երեկո է,
Ես էլի շտապում եմ
Տարօրինակ ժամադրության
Ինքս ինձ հետ,
Ուր բաժանումը
Անխախտելի
Սովորություն է միայն:
Օրը փոխվում է գիշերի,
Եվ բոլոր փողոցներում
Մի մոլորված
Ավտոբուս եմ փնտրում,
Երբ ես մի քիչ ամբողջ եմ
Ու մի քիչ կիսատ,
Երբ աննկատ
Լցվում է
Կարոտի լռությունը:
Երբեմն չգիտեմ՝
Կամ թե չկամ,
Մի քիչ հեռու եմ,
Մի քիչ սրտիդ մեջ,
Ձորերը լցվում են
Դատարկության աղով,
Աշխարհի ծայրին
Չի քնում էլի
Ստվերը երազողի,
Փախուստը
Կրծում է ոտքերը,
Դեմքեր՝
Միայնությամբ խանձված,
Բառեր՝ անտեր ու մերկ,
Քաղաքում
Մեռել են ասպետները,
Հիմա մանր է ժամանակը,
Ոմանք սպանում են
Պատահական կյանքը,
Ոմանք հղի են
Հույսով մի վերջին,
Երբ վհուկները
Երջանկություն են փնտրում,
Երբ անսեր ճաքում է
Խաղաղությունը,
Երբ գրում եմ
Այս մռայլ լռությունը
Կյանքի մասին,
Երբ քիչ հեռու եմ,
Մի քիչ սրտիդ մեջ
Այս վայրի հեռվից:
Քարե երազներ են
Ու քարե աչքեր,
Երբ շուրջը
Համբերություն է,
Կիսատ մեռնում ես
Ու կիսատ ապրում,
Մի պատառ
Կորցնում ես քեզ,
Մի պատառ գտնում,
Իսկ քեզ թողել են
Մի ուրիշ բևեռ,
Ուր ոչ մի ճամփորդ
Հետքեր չի թողնում:
Մատներս զբոսնում են
Բամբակե մարմնիդ,
Երբ փորձում եմ
Կառուցել
Բանաստեղծությունը:
Բոլոր նրանց մասին,
Ում մոռացան,
Չվող երամները
Բառեր են շպրտում՝
Որպես օրհնություն
Հեռացողից:
Մի օր մեկը կար
Իսկ հիմա
Քայլում ես,
Թվում է՝
Խաղաղ, անտրտունջ,
Մինչ թոքերդ
Չգիտեն ինչպես շնչել
Անունը նրա,շ
Կոկորդդ կուլ չի տալիս
Թքախեղդ անունը նրա,
Ուղեղդ չի բթացնում
Հուշերով ժանգոտ
Անունը նրա,
Իսկ դու գիտես,
Որ նա կար,
Դու կփախչես
Օրերից, իրերից
Ու մարդկանցից անգամ,
Որ ապրել են նրան,
Ու երբ կրկին
Կքայլես խաղաղ
Ու անտրտունջ,
Մարմինդ կսերտաճի
Անունով նրա,
Եվ դու
Ամեն պատահածին
Կգոռաս՝
Մի լքեք իրար,
Մի լքեք իրար,
Եվ չի լինի
Փրկություն,
Եվ չես գտնի
Փրկություն
Լռությունից հեռացողի:
Լավագույն բառերով
Լռում ես
Ամենաբուռն սեքսին,
Ամենաքնքուշ սերը
Բացատրելիս,
Անհանգիստ սպասողին
Խաղաղելիս…
Լավագույն բառերով
Մեռնում ես
Առավոտին սպասելիս:
Արման ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում