Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեյցարիայի դեսպանին

Մայիսի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Կոստանտին Օբոլենսկիի հետ:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող դեսպանին’ անցնող տարիների ծառայության ու հայ-շվեյցարական կապերի ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար:

Նորին Սրբությունն իր խոսքում կարևորեց երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների հետագա սերտացումն ու զարգացումը, ապա անդրադարձավ Շվեյցարիայի հայկական համայնքի ազգային-հոգևոր կյանքին’ ի դեմս դեսպանի իր գնահատանքը հայտնելով երկրի իշխանություններին’ համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակություն հայտնեց Շվեյցարիայի իշխանությունների կողմից տարածաշրջանում առկա խնդիրների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և դրանց հաղթահարման ուղղությամբ ներդրված քայլերի առիթով:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված տարածաշրջանի երկրների հոգևոր առաջնորդների ջանքերին, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու կողմից ծրագրվող միջոցառումներին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում