Զավեն Խաչիկյանի «Կարս էն Քարշ» անհատական ցուցահանդեսը՝ Տորոնտոյում
Նմանատիպ
Այս տարի լրանում է Տորոնտոյի Ս. երրորդություն հայ առաքելական եկեղեցու 90 ամյակը: Այդ առիթով եկեղեցու հովանու ներքո գործող Բարև մշակութային կենտրոնը կազմակերպել է լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «Կարս էն Քարշ» խորագրի ներքո ընթացող անհանտական ցուցահանդեսը, որի բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին՝ եկեղեցու «Մարալ Իշխանեան» սրահում: Զավեն Խաչիկյանը Երևանից Տորոնտո էր մեկնել ներկա գտնվելու իր աշխատանքների ցուցահանդեսին։
Պատմական հայրենիքի, արցախյան շարժման, Հայաստանի բնապատկերների, ինչպես նաև հայտնի ու անհայտ մարդկանց դիմանկարները մեծ հետաքրքրություն առաջացրին ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվողների մոտ: Տարեց ու երիտասարդ մարդիկ զննում, հիանում էին լուսանկարներով, հարցեր ուղղում լուսանկարչին, հիշողության գիրկն ընկնում՝ նորից վերապրելով իրենց հայրենիքի հանդեպ կարոտն ու սերը:
Ցուցահանդեսի բացմանը հատուկ խոսքով է հանդես եկել Տորոնտոյի Կանադայայոց թեմի փոխառաջնորդ, Ս. երրորդություն հայառաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Զարեհ Ավագ քահանա Զարգարյանը: Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել նաև դերասան Վարդան Պետրոսյանը:
Նույն օրը արվեստասերները հնարավորություն են ունեցել զրույց-քննարկում ունենալ լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի հետ: Զրույցը վարել է լրագրող Մերի Մուսինյանը:
«Կարս էն Քարշ» ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 2-ը:
Զավեն Խաչիկյանի լուսանկարները հայտնվել են Բրիտանական գրադարանի, “Paris-Musées”-ի, Ինդիանա համալսարանի մամուլի և շատ այլ հրատարակչությունների հրատարակած մեկ տասնյակից ավելի գրքերում: Խաչիկյանն իր թեմատիկ աշխատանքների ցուցահանդեսներ է կազմակերպել ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում և Հայաստանում:
Ստացած մրցանակների թվում են «Տարվա լավագույն ֆոտոլրագրող» և ՀՀ Նախագահի մրցանակը:
Տորոնտոյի Բարեւ կենտրոն
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում