Սոս Սարգսյանի հիմնադրած թատրոնը խարխլում են. Չալդրանյանը մեկնաբանում է

Սոս Սարգսյանի հիմնադրած թատրոնը խարխլում են. Չալդրանյանը մեկնաբանում է

Համագային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Վիգեն Չալդրանյանը հրաժարական է ներկայացրել թատրոնի գեղարվետսկան ղեկավարի պաշտոնից: «Իրատեսի» հետ զրույցում վերջինս հաստատեց մեր ունեցած տեղեկությունը՝ ասելով, որ այդ քայլին գնալն անհրաժեշտություն էր ոչ թե թատրոնի դերասանների, այլ օրենքի պահանջներից ելնելով:

Նշենք, որ «Իրատեսի» ունեցած տեղեկություններով՝ երեկ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հանձնարարականով, հանդիպել է Վիգեն Չալդրանյանի ու թատրոնի դերասանների հետ, որոնք պահանջում են Չալդրանյանի հրաժարականը և՛ գեղղեկավարի, և՛ տնօրենի պաշտոններից:

Մեր ունեցած տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ դերասանների փաստարկները փոխնախարարին չեն համոզել: Տիկին Ղարիբյանը հասկացել է, որ դերասանների բերած պատճառները ոչ թե բովանդակային են, այլ՝ խիստ անձնական:

«Անգամ հանդիպմանը ներկա փաստաբանի ներկայությունն է վրդովվեցրել դերասաններին: «Մենք, մեր խնդիրները». ասել են դերասաններն ու պահանջել, որ փաստաբանը չմասնակցի հանդիպում-քննարկմանը»,- ասաց մեր զրուցակիցը:

Համազգայինում լարված ու ոչ բարենպաստ աշխատանքային մթոնոլորտ հաստատվել էր դեռևս այս տարվա նոյեմբերի 9-ին: Թատրոնի տասը դերասաններ՝ Անդրանիկ Էթեմեզյանը, Նարեկ Բաղդասարյանը, Նարինե Գրիգորյանը, Ալլա Սահակյանը, Ստեփան Ղամբարյանը, Գագիկ Մադոյանը, Տաթև Ղազարյանը, Սերգեյ Թովմասյանը, Արման Նավասարդյանը, Արմինե Անդրեասյանը, գեղղեկավարի համար անակնկալ կերպով հայտարարել էին, թե իրենք չենք ուզում աշխատել Չալդրանյանի հետ: «Հենց հիմա հրաժարական տվեք Ձեր բոլոր ղեկավար պաշտոններից»,- բացակա մյուս դերասանների անունը մեջբերելով՝ հայտարարել էին նրանք՝ թատրոնի ղեկավարին խոստանալով, թե ավարտին կհասցնեն «Համլետի» փորձերն ու պատվով կհանձնեն առաջնախաղը:

Բայց Վիգեն Չալդրանյանի՝ Լիլիթ Մակունցին ուղարկած նամակից հստակ երևում էր, որ դերասանները նախնական պայմանավորվածությունը չեն պահել ու շարունակում են տապալել «Համլետի»-ի փորձերը: «Հրաժարվեք թատրոնի ղեկավար պաշտոններից և «Համլետի» փորձերը կշարունակվեն: «Համլետի»՝ «Լինել, թե չլինել» հարցին կպատասխանենք այսպես՝ լինե՛լ, բայց միայն այն դեպքում, եթե Դուք հրաժարվեք թատրոնը ղեկավարելուց»,- իրենց բացատրագիր-նամակում գրել էին թատրոնի թվով 6 դերասան:

«Իրատեսի» խնդրանքով Վիգեն Չալդրանյանը համաձայնեց պատռել լռության քողն խոսել փաստերով: «Երկու տարի առաջ` 2016-ի դեկտեմբերին, նշանակվեցի Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ հստակ ծրագիր ունենալով որակական փոփոխություններ բերել թատրոն, նոր խոսք ասել, մասշտաբային ներկայացումներ բեմադրել: Հավատով մուտք գործեցի թատրոն ու առաջին իսկ պահից, դեռ գործի չլծված, հանդիպեցի թշնամանքի, սվինների, անբարյացկամության, ու դեռ այն ժամանակ դերասանների շնորհավորական ձեռքսեղմումները, բարեմաղթանքներն ու համբույրները այսօր որակում եմ հուդայական ու կեղծ: Ցավոք, հավատացել եմ: Մեկ տարի անց՝ 2017-ի դեկտեմբերի 12-ին, մրցութային կարգով զբաղեցրի թատրոնի տնօրենի պաշտոնը:

Մեկ տարի է՝ հարաբերական անդորր է՝ թեթև ցնցումներով, ընդհատակ են անցնում՝ դարանակալ գիշատչի հոգեբանությամբ»,- հիշեց մեր զրուցակիցն ու հավելեց, որ թատերական ինտրիգների սիրահարներն իրենց անխոհեմությամբ խարխլում են Վարպետի՝ Սոս Սարգսյանի հիմնադրած թատրոնը:

Նա նաև զարմանք հայտնեց, որ տարբեր առիթներով դերասաններից լսում է կամ էլ ականջին են հասնում, որ Համազգային թատրոնը իրենց՝ դերասանների սեփականությունն է, իրենց ոստանը՝ ինչ կուզեն՝ կանեն, ինչպես կուզեն՝ կվարվեն:
«Դերասաններից Կարեն Խաչատրյանը ընդհանուր ժողովում իրեն իրավունք վերապահեց թատրոնի վարչական մասի աշխատակիցներին անվանել՝ «պարազիտներ»: Սխալմամբ լռեցի: Երևի իմ բարությունը, լռությունը, հանդուրժողականությունը շփոթում են թուլության հետ: Եվ այժմ իմանում եմ, որ դերասանների ապստամբությունը ծրագրավորված է եղել դեռևս սեպտեմբերին. պլանավորած են եղել ընտրություններից անմիջապես առաջ՝ ջունգլիների օրենքներով ստիպել ինձ հրաժարական ներկայացնել թե՛ իբրև տնօրեն, թե՛ իբրև գեղարվեստական ղեկավար: Ահավասիկ, հերթական բռնությունը մարդու ազատ կամքի վրա»,- նկատեց ռեժիսորն՝ ավելացնելով, որ թատրոնի անձնակազմն ինքն իր մեջ արդեն իսկ պաշտոնների բաշխում է կատարել: Եվ ըստ լուրերի՝ գեղղեկի պաշտոնը դերասանուհի Նարինե Գրիգորյանի վաղեմի երազանքն է, իսկ տնօրենի պաշտոնին հավակնում է դերասան Արման Նավասարդյանը:

«Աթոռաբաղձություն, աթոռապաշտություն, շահ՝ արդյունքում՝ աթոռակռիվ: Բազմիցս կրկնել եմ և կրկնում եմ՝ ես կառչած չեմ աթոռից, ես կառչած եմ իմ արժանապատվությունից և իմ ճշմարտությունից: «Հույ-բույ»-ով հարցեր լուծելու պրակտիկան մաուզերիստի ու խմբապետի ապօրինի գործողություն է, որն անցյալում է արդեն: Ու ես հույս եմ փայփայում, որ կհաղթեն առողջ բանականությունը, խոհեմությունը, քանզի մոլորությունից դարձի գալու ճանապարհ միշտ էլ կա»,- ամփոփեց մեր զրուցակիցը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում