Ժամանակին համահունչ

Ժամանակին համահունչ

Վերջերս «Արտագերս» հրատարակչությունը լույս ընծայեց Հրանտ Վաղարշյանի (Չիչակյան) «Ընտրանի» բանաստեղծությունների ժողովածուն: Գրքից տեղեկանում ենք՝ հեղինակն արդեն հոբելյար է՝ ընդամենը 70 տարեկան: Ծնվել է Նոր Բայազետ-Գավառ քաղաքում (1948թ.), ավարտել տեղի միջնակարգ դպրոցը, զուգահեռ՝ երաժշտական դպրոցի թավջութակի բաժինը: ԽՍՀՄ զինված ուժերում ծառայելուց հետո ուսանել է ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետում (1970-75թթ.): Հայ գրողների եւ ԱՄՆ ՀԳՄ անդամ է:

«Գիրք, որ անհրաժեշտ է մարդուն» առաջաբանից երեւում է, որ խմբագիր Լեւոն Սարգսյանը ճիշտ է նկատել, որ Հր. Վաղարշյանը խոհափիլիսոփայական բանաստեղծ է. սեր, կյանք, հայրենիք նրբահյուս պատկերներով արտացոլում է իր ներսում կուտակվածը: Կարողանում է սրտով զգացածը փոխանցել ընթերցողին: «Նրա համար ուղենշային նշանակություն ունի Աստվածաշնչի խոսքը, թե՝ «…Իմաստնությունը մուտք գործի սրտի մեջ…» (Առակաց 2-101): Տեսեք՝ Աստվածաշունչը չի ասում, թե՝ իմաստությունը մտնի գլխիդ մեջ, այլ՝ սրտիդ մեջ: Սա նշանակում է, որ մարդ կարող է իմաստուն լինել, եթե ունի իմաստուն սիրտ, մտածող, խորհող սիրտ…»:

Հրանտ Վաղարշյանը խորհող սիրտ ունի, քնարականություն, մարդու հանդեպ մեծ սեր: Մարդկային առումներով, նկարագրով ներամփոփ, թախծոտ աչքերով ստեղծագործող է: Ավանդույթներից չի շեղվել, այլ հետեւելով, սովորելով դասականներից, ինքն իրեն է հաստատագրել:

Խոհական շնչով է գրված «Հավերժության խորհուրդը» քառյակը.

«Երկինքների անհուններից մի հայացք է հսկում մեզ,

Երազային լուրթ աչքերով լուռ մտորում, նայում հեզ,

Զարմանում է ու զայրանում, մարդկանց անթիվ մեղքերից,

Բայց դեռ ներում, սիրում է մեզ էությունն այդ երկնամեծ…»:

«Գրքի հավերժությունը…» պատկերավոր բանաստեղծության երեք տան մեջ խտացրել է գրքի անգնահատելի դերը:

Ներկայացնենք վերջին քառյակը.

«Գիրքն իմաստն է կյանքի, խորհուրդը մեր գոյության,

Հավատամքը մեր մտքի, հավերժության սուրբ վկան,

Հոգուս եզերքն է անհուն, ե՛ւ անցյալը, ե՛ւ ներկան,

Առանց գրքի, գիտության՝ կյանքը ցնորք է ունայն…»:

Բանաստեղծություն գրելը Վաղարշյանի համար կենսաձեւ, կենսակերպ է, հոգեվիճակ, հավատ: Առեղծվածային տեսիլքի՝ լուսահանդերձ ծերունու հայտնվելը նրա երազում սուրբ հաղորդություն է եղել, որը հեղաշրջել է նրա հոգու օվկիանը՝ նորանոր ստեղծագործական ալեկոծումներ առաջացրել, խոսքն ավելի հոդաբուխ դարձրել:

Վաղարշյանը ութ գրքի հեղինակ է: Տպագրված ամեն մի գիրք իր անվանումը եւ տրամաբանական շարունակականությունն ունի: «Կապույտ երազ»-ը իրականություն դարձրեց հաջորդ գրքերի հրատարակումը: «Սեր եւ հայտնություն»-ը նվիրված է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին (բանաստեղծություններ, աղոթքներ, 2001թ.), «Հոգու նշխարներ»-ը քառյակներ են՝ խորհրդածություններ, «Խորան լուսոն»՝ քառյակներ, աղոթքներ, «Կինն ու գինին»՝ սիրո թեմաներով գրված բանաստեղծություններ եւ այլն:

Երիցս ճիշտ է ընտրված գրքի խմբագիր Լ. Մուրադյանի առաջաբանի վերնագիրը՝ «Գիրք, որ անհրաժեշտ է մարդուն»: Այդ վկայեց վերջերս ՀՀ ազգային գրադարանում տեղի ունեցած միջոցառումը, որը նվիրված էր բանաստեղծ Հրանտ Վաղարշյանի 70-ամյակին եւ նրա «Ընտրանի» գրքի շնորհանդեսին: Դահլիճը լեփ-լեցուն էր: Ցերեկույթում շոշափված հարցերը կառուցողական բնույթ էին կրում:

Բացման խոսքը տրվեց Երեւանի գրողների միության նախագահ (ԵՐԳՄ), գրականագետ Աբգար Ափինյանին, որը հանգամանորեն վերլուծեց ներկա գրական ընթացքի եւ խոտորումների մասին: Նաեւ հավելեց՝ մեր բազմադարյան ակունքներից հեռանում, դրա համար են գրական արժեքները սակավանում: Անտաղանդ փողատերը սնամեջ գիրք է տպագրում, իսկ տաղանդավորը անհույս սպասում…

Բանախոսը բարձր գնահատեց Վաղարշյանի «Ընտրանի» գրքի լույս ընծայումը եւ նրա բանաստեղծական աշխարհը: Իրենց ելույթներով հոբելյարի ներաշխարհը ներկայացրին բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Միրզոյանը, բանաստեղծներ Արեւշատ Ավագյանը, Նիկոլայ Շահնազարյանը, Արմենակ Ղազինյանը, գրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը… Հեղինակի մասին ջերմ խոսքեր ասաց եւ ասմունքեց դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը: Ելույթներն ուղեկցվում էին երգով, պարով, ասմունքով, ծիրանափողի ելեւէջներով…

Հեղինակը շռայլ գովեստներից շփոթված չգիտեր ինչպես, ումից եւ ինչքան շնորհակալություն հայտնել:

…Ամփոփենք գրքի առաջաբանի վերջին տողերով. «…Ասենք, որ Հրանտ Վաղարշյանի բանաստեղծություններն ունեն եթերայնացնող, մաքրագործող ուժ եւ նշանակություն, որն այնպես անհրաժեշտ է տագնապների ու երկրաքարշ հուզումների մեջ տառապող, ժամանակակից մարդուն, առհասարակ՝ երկրագնդին…»:

ՀՐԱՆՏ ՀՈՐԻԶՈՆ ԳՈՒՐԳԵՆ ԼՈՌԵՑԻ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում