Խոսիր, Հայաստան
Նմանատիպ
Խոսի՜ր, Հայաստան.
Դո՛ւ, որ դարերի տանջանք ես տեսել
Եվ տարիների խնդություն միայն,
Ասա՛ քո պատգամն ու խոսքը վսեմ
Աշխարհներին ու ազգերին համայն…
Տե՛ս, աղավնի՜ն է
Թառել քո նորոգ հարկի ձեղունին,
Որին դարերով երազե՜լ ես դու…
Վստահի՜ր խոսել քո ժողովրդի՛
Եվ քո՛ անունից՝
Բանաստեղծ որդո՜ւդ…
Լսո՞ւմ ես,
Երեկ իմ ընկերները Կարմիր բլուրում
Մի բուռ ոսկեհատ ցորե՜ն են պեղել,
Որ ցանել են մեր նախնիները հայ՝
Դեռ Ուրարտույում,
Քրտինքո՜վ ջրած հո՛ղն այս ժայռեղեն:
Սակայն նո՛ւյն օրը,
Իմ ընկերներն, այդ ցորենի կողքին,
Գտել են նաև պղնձե նիզա՛կ՝
Ի ցույց այն բանի՛,
Որ ծնված օրից հայ սերմնացանը,
Սերմը՝ մի ձեռքին,
Մյուսով զե՛նք է բռնել,
Որ ցանած արտը պաշտպանի…
Ոչ ոք չի՜ ասի՝
Այդ ցորենի բերքը ինչքա՜ն է եղել,
Ոչ ոք չի՜ ասի՝
Ինչքա՜ն էր թիվը հայ ժողովրդի…
Մի բուռ ցորե՜ն են
Կարմիր բլուրի հին բերդում պեղել,
Եվ մի բուռ հա՜յ է
Հասել Հարության այս առավոտին…
Բայց այդ ցորենի հատիկը ամեն՝ ցա՜նք է մի հսկա,
Ամեն հայ՝ ամուր սեղմած զսպանա՛կ.
Եվ այս,
Մեզ հասած մի բուռ ժողովո՛ւրդն
Ու սե՜րմը վկա, –
Իր կորցրածը նա ե՜տ կստանա…
Գևորգ ԷՄԻՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում