Գազի թանկացումը գումարվում է Հայստանի խնդիրներին որպես բոնուս. Լ.Գալստյան

Հայաստանում իրավունքների պաշտպանության ծով խնդիրներին իբրև «բոնուս» գումարվող գազի թանկացման տեղեկության կապակցությամբ որոշ պատվիրառու ծաղրածուներ արդեն խորաթափանց մտքեր են հայտնել. այն է՝ սառը կերակրատեսակներ ուտել, «կոփել մարմինը» շարքից, Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Հավանաբար հեռու չի նաև այն օրը, երբ սպիտակուցներով հարուստ միջատներ ուտելու ՄԱԿ-ի խորհուրդը հնչեցնեն Հայաստանում»,- ասաց նա ի պատասխան հարցի, թե կմիանա՞ «Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահի կոչին՝ պաշտպանել սեփական իրավունքները և գազի սպասվելիք թանկացման դեմ պայքարել յուրաքանչյուրը տեղում՝ ազգովի հրաժարվելով վճարել գազի գումարը։

Լիլիթ Գալստյանի գնահատմամբ՝ «Հայաստանում իրավունքների պաշտպանության ծով խնդիրներին իբրև բոնուս գումարվող գազի թանկացման գույժին հասարակությունը, որը ապրում է սոցիալական ու բարոյական լարված ու շարունակական հետընթացների պայմանում ու անցնում է աղքատության 35%-ի շեմը, երկու պատասխան կարող է ունենալ»:

Ավելի ճիշտ՝ նրան երկու ճանապարհ է թողնված. կամ սոցիալական ընդվզում՝ անհնազանդությունը, կամ արտագաղթ: Ըստ Լիլիթ Գալստյանի՝ «լքել երկիրը շատ պարզ մոտիվացիայով ու ապրել օտար աշխարհագրություններում» տխուր է, հուսադրող չի, արժանապատիվ չի։

Հիշեցնենք, որ «Հայռուգազարդ» ընկերությունը դիմել է հանձնաժողովին 10 հազար խմ գազի գինը գործող 132 000 դրամի փոխարեն’ 221 000 դրամ սահմանելու հայտով: Կառավարությունը հայտարարեց, որ ներկրվող գազը կսուբսիդավորի 30 տոկոսով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա շուրջ 27%-ով, այսինքն’ կավելանա 7-8 դրամով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում