Ա. Աշոտյան. «Սիրելի շրջանավարտներ, սովորեք անսասան ու շիտակ քայլել ձեր ընտրած ճանապարհով»

Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է շրջանավարտներին Վերջին դասի կապակցությամբ` մասնավորապես ասելով:

«Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին’ դպրոցում ուսումնառության ավարտի և Վերջին դասի կապակցությամբ: Դուք այսօր հրաժեշտ եք տալիս արդեն հարազատ դարձած կրթօջախին’ թողնելով այնտեղ ձեր պատանեկության անմոռանալի տարիները: Միաժամանակ հրաժեշտ եք տալիս ուսուցիչներին, որոնց սերն ու հոգատարությունը հիշելու եք մշտապես: Դուք թևակոխում եք կյանքի այնպիսի շրջան, որտեղ ձեզանից պահանջվելու է լինել առավել պատասխանատու և խոհեմ:

Աշխատեք հարստացնել ու խորացնել ձեր գիտելիքները կյանքի տարբեր բնագավառներում, հաստատուն քայլեք ձեր նախընտրած ճանապարհով, դարձեք բարձրակարգ մասնագետներ և միշտ արժանավայել ու հպարտ կրեք Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու ձեր կոչումը: Սովորեք անսասան ու շիտակ քայլել ձեր ընտրած ճանապարհով և դարձեք մեր հինավուրց երկրին ու հայ ժողովրդին արժանի հետնորդներ:

Սիրելի´ ուսուցիչներ, տարիներ շարունակ դուք դեպի կյանք եք ուղղորդել տասնյակ սերունդներ: Այսօր էլ հրաժեշտ եք տալիս դպրոցական ուսումնառության առաջին իսկ օրից հարազատորեն փայփայած, կրթած ու դաստիարակած ձեր սաներին:

Ցանկանում եմ, որ նրանք դառնան թե´ հարազատ դպրոցի, թե´ մեր պետության ամուր հենասյունը և իրենց ապագա հաջողություններով ու ձեռքբերումներով հպարտությամբ լի պահեր պարգևեն մանկավարժի բարձր կոչմանը հավատարիմ իրենց ուսուցիչներին:

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանում, հեռավոր Սփյուռքում, Արցախում և Ջավախքում ապրող մեր բոլոր շրջանավարտներին, ուսուցիչներին, ծնողներին այս անմոռանալի օրվա կապակցությամբ և մաղթում անսահման երջանկություն ու հաջողություններ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում