Արցախում քննարկվել են հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն’ նվիրված բժշկասոցիալական փորձաքննությունների կենտրոնի կողմից հաշմանդամության խմբերի սահմանման գործընթացին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:
Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ 2008թ.-ից հաշմանդամության կարգերի սահմանման ու հստակեցման ոլորտում թույլ տրված խախտումների վերացման ուղղությամբ իրականացվել է ծավալուն եւ քրտնաջան աշխատանք: Բակո Սահակյանն ընդգծել է, որ այս գործընթացի հանդեպ պահանջները եղել եւ մնում են հստակ, այն է՝ մաքսիմալ օբյեկտիվություն ու թափանցիկություն, ընդգծված հարգալից վերաբերմունք հաշմանդամ քաղաքացիների հանդեպ՝ հավելելով, որ հաշմանդամության կարգի վերանայման խնդրանքով յուրաքանչյուր դիմում պետք է ընթացքավորվի, մանրամասնորեն քննարկվի եւ պատասխան տրվի դիմումատուին:

Նախագահ Սահակյանն անհրաժեշտ է համարել գործընթացին մասնակից դարձնել հասարակական կազմակերպությունների, մասնավորապես, <<Արցախի ազատամարտիկների միության>> եւ Արցախի գոյամարտի վիրավոր ազատամարտիկների օգնության <<Վիտա>> հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում