«Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուկը
Նմանատիպ
Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուկը։ Այս մասին տեղեկանում ենք eurovision.am կայքից։
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը տեղեկացրել է, որ այս տարի Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշում է կայացրել անցկացնել ներքին ընտրություն. «Մեր մասնակցի ընտրության որոշումը միաձայն է եղել: Հարկ եմ համարում նշել նաև, որ մրցույթի երկրպագուներից շատերը հենց նրան էին ուզում տեսնել եվրատեսիլյան բեմում: Վստահ եմ, որ Սրբուկի ինքնատիպ կերպարը կտպավորի միջազգային հանրությանը»:
«Երկար ժամանակ է ինչ հետևում եմ Սրբուկի գործունեությանը, նախագծերից մեկի ժամանակ միասին ենք աշխատել: Կարող եմ առանձնացնել նրա աշխատասիրությունն ու յուրօրինակ էներգետիկան, որոնք եվրատեսիլում լավ արդյունքի հասնելու ամենակարևոր բաղադրիչներից են»,- նշել է պատվիրակության ղեկավար Անուշիկ Տեր-Ղուկասյանը:
Սրբուկն ասել է, որ սկսում է մի նոր ճամփորդություն, որը վստահ է լեցուն է լինելու նոր զգացողություններով, հաճելի էմոցիաներով, դժվար պահերով ու պայքարի ոգով։
«Շնորհակալ եմ իմ հայրենակիցներին, բոլոր երկրպագուներիս, որ արդեն քանի տարի իմ կողքին են եւ մշտապես ցակություն են հայտնել տեսնել ինձ եվրատեսիլյան բեմում։ Շնորհակալ եմ Հանրային հեռուստաընկերությանը վստահության եւ ինձ այս պատվին արժանացնելու համար։
Մենք մի մեծ ճանապարհի շեմին ենք ու հույս ունեմ, որ այս դժվարին ճանապարհը կանցնեք միասին»,- նշել է Սրբուկը:
Սրբուկը մասնակցել է բազմաթիվ մրցույթների, այդ թվում Ուկրաինական «The Voice» նախագծին, որտեղ հասել է եզրափակիչ փուլ:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։ 64-րդ մրցույթին մասնակցելու է 42 պետություն։ Մրցույթի պաշտոնական կայքի համաձայն, «Եվրատեսիլ-2019»-ին ելութ են ունենալու հետևյալ երկրների ներկայացուցիչները՝ Հայաստան, Ռուսաստան, Ավստրալիա, Ավստրիա, Ադրբեջան, Ալբանիա, Բելառուս Բելգիա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Դանիա, Իսրայել, Իռլանդիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կիպրոս, Լատվիա, Լիտվա, Մակեդոնիա, Մալթա, Մոլդովա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա Ռումինիա, Սան-Մարինո, Սերբիա, Սլովենիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Մոնտենեգռո, Չեխիա, Շվեյցարիա, Շվեդիա, Էստոնիա։
Աղբյուր` Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում