Սուրեն Շահվերդյանը թող գնա իր համար թատրոն բացի ու ղեկավարի. ՀՀ վաստակավոր արտիստ
Նմանատիպ
Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը 2016 թվականի դեկտեմբերին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով նշանակվել էր Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, մեկ տարի անց մրցութային կարգով զբաղեցրել է նաև թատրոնի տնօրենի պաշտոնը։ Այս տարվա նոյեմբերի 28-ին նա դիմում է ներկայացրել՝ հրաժարվելով թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, իսկ հենց հաջորդ օրը նրա հրամանով այդ պաշտոնում նշանակվել է Սուրեն Շահվերդյանը։
Թատրոնի ստեղծագործական կազմը հենց Վիգեն Չալդրանյանի՝ թատրոն մուտք գործելու օրվանից չի ընդունել նրան, պահանջել է հրաժարականը։ Այսօր նույն ստեղծագործական կազմը չի ընդունում նրա կողմից նշանակված գեղարվեստական ղեկավարին։ Թատրոնի դերասաններն այսօրվանից գործադուլ են սկսել։
Panorama.am-ը հետաքրքրվեց թատրոնի դերասան, բեմադրիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանից, թե ինչո՞ւ են պահանջում տնօրենի, նաև նորանշանակ գեղարվետսական ղեկավարի հրաժարականը։
«Առաջին օրվանից մենք չենք ընդունել նրա մուտքը։ Նախորդ նախարարին էլ պահանջ էր դրվել, որ վերանայվի այդ որոշումը։ Առանց մեր կարծիքը հարցնելու է…։ Սա գործարան չէ, թատրոն է, որտեղ ամենակարևորը մարդկային հարաբերություններն են»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է նորանշանակ գեղարվեստական ղեկավարին, դերասանը նշեց. «Դա արդեն խնդալու է, ծիծաղելի է, հումոր է, անլուրջ բան է առանց խմբին տեղյակ պահելու։
Օրենքի խախտում է, որ երկու պաշտոնում նույն մարդն է։ Զարմանում եմ, որ նախարարությունն էլ նոր է պարզում, որ այդպիսի օրենք կա։ Հիմա, երբ այդ օրենքը դրվեց Վիգեն Չալդրանյանի առջև, մեծահոգաբար հրաժարվեց գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ Քանի որ ՊՈԱԿ-ի տնօրենն իրավունք ունի նշանակել գեղարվեստական ղեկավար, նա թատերախմբի գլխին հերթական սադրիչ քայլն արեց, նշանակեց Սուրեն Շահվերդյանին։ Ծիծաղելի խնդիր է, լուրջ քննարկման խնդիր չէ»,- ասաց Դավիթ Հակոբյանը։
Հարցին, թե Ս. Շահվերդյանն ասել է, որ չի պատրաստվում միանձնյա կառավարել թատրոնի գեղարվեստական մասը, ի՞նչ է նշանակում խմբակային գեղարվեստական ղեկավարում, վաստակավոր արտիստն ասաց. «Նախ մեր խմբին բացարձակ հետաքրքիր չէ, թե ինչպես է Սուրեն Շահվերդյանը պատկերացնում իր ղեկավարությունը, թող Սուրեն Շահվերդյանը գնա իր համար թատրոն բացի ու ղեկավարի ոչ միանձնյան, խմբային, դա մեզ բացարձակապես հետաքրքիր չէ»։
Նա ասաց, որ մշակույթի նախարարությունն օր առաջ պետք է որոշում կայացնի ու այս հարցին տրվի լուծում. «Այլևս ակնհայտ է, որ իրար հետ հնարավոր չէ աշխատել։ Մի կողմում դրված է ստեղծագործական մի ամբողջ կազմ՝ 20 հոգի, մյուս կողմում՝ մեկ անձ։ Չեմ կարծում, որ նախարարությունը պետք է մեկի շահը պաշտպանի, ով այդ օրգանիզմի անդամ չէ, օտար մարմին է այդ օրգանիզմում, հրաժարվի թատրոնի օրգանիզմից»։
Հարցին, թե հասարակությունը զարմացավ Սուրեն Շահվերդյանի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակումից, արդյո՞ք իրենք էլ զարմացած էին, տեղյակ չէին, թատրոնի դերասաններից Արման Նավասարդյանն ասաց. «Զարմացած չեմ ոչ մի բանից, պատրաստ էի նման բաների։ Դարանակալված դիրքորոշում էր՝ հանկարծակիի բերել մեզ, դա չստացվեց։ Սպասում էինք, որ այդպիսի մի բան կլինի, դրա համար չենք համարում այդ ամեն ինչը լեգիտիմ»։
Նա նշեց, որ կշարունակեն իրենց ակցիաները, մինչև հասնեն իրենց պահանջների կատարմանը։
«Մենք պահանջում ենք հրաժարական ու մեր առաջարկած թեկնածուների նշանակում։ Ստեղծագործական կոլեկտիվի, դերասանների կողմից միահամուռ որոշում է, որևէ մեկն ինքնաառաջադրում չի ներկայացրել. միասնական որոշում է Նարինե Գրիգորյանը նշանակվի թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ ես էլ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»։
Հարցին, թե առհասարակ, ինչո՞ւ եք դժգոհ Վիգեն Չալդրանյանից, Ա. Նավասարդյանն ասաց. «Նա չի կարողանում թատրոնը ճիշտ ղեկավարել։ Իր նշանակման օրվանից դժգոհ ենք։ Բողոքները եղել են նաև առանձին, որ սխալ է ղեկավարում։ Անդրդվելի է և կաթիլ առ կաթիլ համբերության բաժակը լցվեց»։
Աղբյուր` Panorama.am։
Հետևեք մեզ նաև Telegram-ում