Ռուսաստանը Հայաստանում նոր դեսպան ունի

Մայիսի 23-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին’ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ և հաջողություն մաղթելով նրան իր առաքելության մեջ՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Մեր ժողովուրդներին կապում են բազմադարյա բարեկամությունն ու փոխվստահությունը, և հենց այդ հենքի վրա ենք մենք այսօր կառուցում ապագան՝ հետևողականորեն ամրապնդելով դաշնակցային հարաբերությունները, որոնք տարեց տարի դառնում են առավել հագեցած՝ ընդգրկելով համագործակցության նոր հեռանկարային ուղղություններ։

Հարաբերությունների զարգացումն ապահովվում է շարունակական և հետևողական աշխատանքի շնորհիվ, որն իրականացվում է թե Հայաստանում, թե Ռուսաստանում’ բոլոր մակարդակներով՝ համաձայն երկու երկրների Նախագահների պայմանավորվածությունների և տրված հանձնարարականների»։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Վոլինկինը վստահեցրեց, որ կանի առավելագույնը’ բոլոր բնագավառներում ներկայիս բարձր մակարդակի հայ-ռուսական փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման համար:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց Հայաստանի և Ռուսաստանի դեսպանների դերակատարությունը’ համագործակցության զարգացման վերաբերյալ երկու երկրների միջև պայմանավորվածությունների իրականացման գործում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում