Մենք չենք ուզում կատարելագործվել, գերադասում ենք շարժվել փակ շրջագծով
Նմանատիպ
«Թույլ մի՛ տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիո՛վ հաղթիր չարին» (Հռոմ. 12;21):
Մենք չենք պայքարում չարի դեմ, այլ մրցում ենք նրա հետ, հիմնականում` անգիտակցաբար, փորձելով հաստատել մեր սեփական ճըշմարտությունը և հավաստիացնել սեփական ճշմարտացիության մեջ:
Շատ հաճախ մեր խոցված ինքնասիրությունը շփոթում ենք խղճի հետ, և մեր մարդկային, սուբյեկտիվ արդարադատությունը վեր ենք դասում Աստծուց: Շրջանցելով աստվածային օրենքները` մենք մեր սեփական դժոխքն ենք վառում ու տառապում, որովհետև դժոխքը դրախտը վայելելու անկարելիությունն է: Աստված մեզնից պահանջում է պարզագույն ու թեթևագույն մի բան` պատվիրանապահություն, սակայն այն դառնում է բարդագույն ու ծանրագույն, որովհետև մենք չենք հրաժարվում մեր սեփական պաշտելի անձի պատվիրաններից: Աստծո պատվիրանները մեզ չեն վերաբերում, դրանք մյուսներին կարգի հրավիրելու համար են, որ հանկարծ չհանդգնեն մեզ մեր տեղը ցույց տալ: Մենք այդպես էլ չենք ուզում հասկանալ, թե ինչի ենք կոչված: Մենք կոչված չենք պայքարելու թշնամական բանակների դեմ, այլ ընդամենը մի անկոտրում գահակալի` մեր սեփական եսի և նրա անհողդողդ ինքնասիրության դեմ: Ամեն օր աղոթում ենք Հորը. «Թող լինի Քո կամքը», բայց և ամեն ինչ անում ենք, որ այդ կամքը հանկարծ չլինի, և կամ Աստծո կամքի հետ ենք շփոթում սեփական կամապաշտությունը: Առաքյալը հորդորում է. «Դե՛ն գցենք ամեն հպարտություն և ծանր մեղք, համբերատարությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացված է մեր առաջ. նայենք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն Իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծո աթոռի աջ կողմում: Ապա ուրեմն՝ մտաբերեցե՛ք Հիսուսին, որ այսպես համբերեց Իր հանդեպ մեղավորների ունեցած հակառակությանը, որպեսզի չլինի թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին և մոռացաք այն հորդորը, որ ուղղված է ձեզ իբրև որդիների:
«Որդյա՛կ իմ, Տիրոջ խրատը մի՛ անարգիր և մի՛ վհատվիր, երբ հանդիմանվես Նրանից, քանի որ Տերը, ում սիրում է՝ խրատում է, պատժում է ամեն մի որդու, որին ընդունում է»:
Թե խրատին համբերող եք, Աստված ձեզ կմոտենա իբրև որդիների: Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում. հիրավի, եթե պատկառում ենք մեր մարմնավոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ ևս առավել պետք է հնազանդվենք հոգիների Հորը, որ ապրենք, որպեսզի հաղորդակից լինենք Նրա սրբությանը: Ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, բայց հետո արդարության խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակվածներին: ՈՒստի ամրացրե՛ք թուլացած ձեռքերը և կթոտած ծնկները. քայլեցե՛ք ուղիղ արահետներով, որպեսզի, ով կաղ է, չգլորվի, այլ մանավանդ՝ բժշկվի» Եբր. 12;1-12): «Մեր պայքարը մարմնի և արյան դեմ չէ» (Եփ. 6;12): Մենք ունենք հակառակորդների ոհմակներ, բայց միայն մեկ թշնամի: Հակառակորդները խոչընդոտում են թշնամու` մեր ներսի գահակալի դեմ մեր պայքարին: Հակառակորդները չեն գործում Աստծո կամքից, գիտությունից և թողտվությունից դուրս: Աստված խրատում է մեզ, հենց մեզ, ո՛չ թե մեր ծնողներին, ամուսնուն, երեխաներին, հարևաններին, ծանոթներին ու անծանոթներին: Աստված խրատում է յուրաքանչյուրին իր տեղում, իր հերթին, իր փրկության համար: Այս ամենը գիտակցելով` մենք պետք է կարեկից լինենք միմյանց հանդեպ, և առավել կարեկից` այդ գիտակցությունը չունեցողների հանդեպ, «միմյանց բեռները կրենք», որովհետև յուրաքանչյուրս խաբված ենք յուրովի: Մենք բոլորս ասես մի կախարդված շրջանի մեջ ենք: Այդ շրջանը կամ կախարդանքն ինքնին սարսափելի չեն: Սարսափելին այդ շրջանից դուրս գալու մեր կամքի բացակայությունն է և ես-կուռքի տապալման ու կործանման հանդեպ անհիմն ու անասնական վախը: Հակառակ առաքյալի հորդորին` մենք չենք նայում Հիսուսին, մենք չենք ուզում կատարելագործվել, գերադասում ենք շարժվել փակ շրջագծով, մեր իսկ հետք ու հետագծով: Այդպես ենք անում մեր խոնարհամերժ, ամբարտավան կեցվածքով ամեն անգամ, երբ Աստված ցանկանում է խոնարհեցնել մե՛ր, հենց մե՛ր պարանոցը:
Երեցկին` Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Գորիս
Աղբյուր՝ Irates.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում