Գյուղացիները դժգոհ են Տիգրան Սարգսյանի առաջարկած օգնության փաթեթից
Նմանատիպ
Նախօրեին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ մայիսին 12-ին ուժգին կարկուտից տուժած տնտեսվարողներին խոստանալով հողի և ջրի հարկերից ազատում: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանն «Ժամանակի» հետ զրույցում նշել է, որ ողջունում է վարչապետի որոշումը՝ վնասված տարածքների հետ կապված՝ 2-3 տարով հողի հարկից ազատել գյուղացուն, և որ իրենց առաջարկությունն էր՝ ազատել նաև ջրի վարձավճարից։ «Ճիշտ է, թեև բերք չունենք, բայց այդ այգիները պետք է ջրվեն, որ հաջորդ տարի բերք ունենանք, այլապես կչորանան»,- ասել է Հ. Բերբերյանը:
Նա նշել է, որ թեև կառավարությունն ըմբռնումով է իրենց առաջարկներին մոտեցել, բայց դեռ պարզ չէ՝ բանկի հետ կապված իրենց առաջարկությունը մնո՞ւմ է ուժի մեջ, թե՞ ոչ. «Ոչ թե սառեցնել վարկը, այլ գյուղացուն տալ վարկ, որի մի մասով կփակվի նախորդ տարվա վարկը, օրինակ՝ եթե նա հազար դոլար վարկ ունի, այս պահին նրան տրամադրեն երկու հազար դոլար, որի հազար դոլարով գյուղացին հին վարկը կմարի և գումար էլ կունենա հաջորդ տարի սկսել գյուղատնտեսական աշխատանքները, այսինքն՝ այստեղ խոսքը ոչ թե ֆինանսական օգնության մասին է, այլ վարկերի վերաձևակերպման մասին է, որտեղ անհրաժեշտ է կիրառել ամենացածր տոկոսադրույքը»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է հակակարկտային ծառայությանը, ապա, ըստ Հրաչ Բերբերյանի, պետք է գնալ նոր տեխնոլոգիաների, եվրոպական առաջավոր փորձի կիրառման ճանապարհով, քանի որ այդ հին սարքավորումներն այսօր մեր գյուղացու հարցերը չեն լուծում:
Այս խնդրի վերաբերյալ երկու կարծիք կա հանրապետությունում. մեկը՝ հրաժարվել հին համակարգից և ունենալ ցանցային համակարգ,մյուսը՝ աշխատել՝ զուգահեռ ներդնելով ցանցային համակարգ։ «Եթե մեր առաջարկությունը լիարժեք ընդունվի, այսինքն՝ վարկերը վերաձևակերպվեն, կարծում եմ՝ թե գյուղացին չի մեկնի իր գյուղից արտագնա աշխատանքի, քանի որ գումար կունենա՝ և՛ գոյատևելու, և՛ հաջորդ տարի աշխատանքները սկսելու»,- նշել է Հրաչ Բերբերյանը: Նա վստահեցրել է, որ այս դեպքում, 46 համայնքներից ոչ ոք չի մեկնի: Իսկ եթե ոչ, ապա արտագաղթը, ըստ նրա, կմեծանա:
Ինչ վերաբերում է բերքի ապահովագրման վերաբերյալ գյուղացիների առաջարկին, Հրաչ Բերբերյանը նշել է, որ այս հարցում պետք է գնալ առաջադեմ երկրների ճանապարհով, այսինքն՝ ունենալ գործակալություններ, որոնք գյուղացու վերահսկողության տակ կլինեն, որտեղ գյուղացին բաժնետեր կլինի։ Եվ եթե այսօր դա հնարավոր չէ՝ ռեսուրսներ չունենալու պատճառով, պետք է ամեն աշխատանք տանենք, որ միջազգային կազմակերպությունները, ինչու չէ՝ նաև Համաշխարհային բանկի ծրագրերը ներգրավենք այդ կառույցներում: «Այստեղ մի փոքր ֆինանսական ռեսուրսներ են պետք գործը սկսելու համար, համոզված եմ, որ այդ հարցում Համաշխարհային բանկը մեզ նեցուկ կլինի»,- հավելել է Հրաչ Բերբերյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում