Վարչապետը համոզել է անկախ պատգամավորին կողմ քվեարկել կառավարության ծրագրին

Անկախ պատգամավոր Էդոմոն Մարուքյանը երեկ «կողմ» է քվեարկել կառավարության ծրագրին: Մինչ այդ նա ընդդիմադիր տոնայնությամբ ելույթ էր ունեցել կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: Քվեարկությունից հետո «Ժամանակի» թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչու անկախ պատգամավորը կողմ է քվեարկել ծրագրին:

«Իմ ելույթից հետո վարչապետի հետ հանդիպել ենք: Իմ տարածքի հետ կապված հարցերը, որոնք որ մի մասը լուծվել են, մեծ մասն էլ՝ չեն լուծվել, դրա հետ կապված քննարկեցինք, որոշակի պայմանավորվածություններ կան ձեռք բերված: Վարչապետը հետաքրքրվել է, թե ինչ է խնդիրը, և քննարկել ենք համագործակցությունն ավելի բարձր մակարդակի բերելու հարցը»:

Թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե վարչապետի միջոցով ի՞նչ հարցեր է լուծում Մարուքյանը Վանաձորում: «Վանաձորում էնքան հարց կա: Ընտրատարածքում լիքը հարց կա: Երկու տարբերակ ունեն մեծամասնականով ընտրված պատգամավորները՝ կամ գումարներ ծախսել իրենց անձնական միջոցներից, կամ կառավարության միջոցով է խնդիրը լուծվում»: Դուք գերադասում եք երկրո՞րդը՝ հարցին, պատգամավորը պատասխանել է. «Ես ոչ թե գերադասում եմ, ես էն մյուս տարբերակը չունեմ, դրա համար պիտի միլիարդատեր լինես»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում