Երաժշտությունն ամոքիչ ուժ ունի. Սերգեյ Սմբատյան
Նմանատիպ
Դասական երաժշտության աշխարհի ամենաճանաչված հարթակներից մեկում՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, դեկտեմբերի 7-ին ոգեկոչել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։
Մեծ աղետի 30-րդ տարելիցին նվիրված համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես է եկել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Նվագախմբի հասարակայնության հետ կապերի փոխանցմամբ՝ դիրիժոր Սմբատյանը նկատել է, որ դեկտեմբերի 7-ին յուրաքանչյուր հայ, որտեղ էլ լինի, պարտավոր է իր հարգանքի տուրքը մատուցել մեծ աղետի՝ 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին:
«Երաժշտությունն ամոքիչ ուժ ունի, և այս երեկոյի յուրաքանչյուր հնչյուն ոչ միայն հիշատակի հավաստիք է, այլև վերապրումի կոչ»,- ասաց մաեստրո Սմբատյանը։
Հիշատակի երեկոյի ընթացքում հնչել են մալթացի հեղինակներ Յոզեֆ Վելլայի, Ալեքսեյ Շորի և ռուս մեծ կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործությունները։
Համերգային ծրագրում ներառված են եղել ինչպես ժամանակակից, այնպես էլ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ. այդպիսով կազմակերպիչները փորձել էին կամուրջ ստեղծել ներկայի ու անցյալի միջև։ Որպես մենակատար հանդես է եկել ավստրիացի հայտնի դաշնակահար Ինգոլֆ Վունդերը։
Մարիինյան թատրոնում հիշատակի համերգը կայացել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համաշխարհային համերգային տուրի շրջանակներում և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։
Աղբյուր` Panorama.am։
Հետևեք մեզ նաև Telegram-ում