Մոցարտի «Ռեքվիեմ»-ը ներկայացվեց Գյումրու Սև բերդում
Նմանատիպ
Գյումրու Սև բերդում դեկտեմբերի 7-ին կազմակերպվեց մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին: Հայաստանյան առաջատար երաժշտախմբերի կատարմամբ՝ ունկնդրին ներկայացվեց Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: Աննախադեպ միջոցառումը նախաձեռնել և իրականացրել էր Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և այլ պաշտոնատար անձինք, հյուրեր, արվեստագետներ:
Միջոցառման մեկնարկն ազդարարվեց տերունական աղոթքով և Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ: Համերգի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային և Տիրամայր Հայաստանի երգչախմբերը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), «Գոհար» երգչախմբի արական կազմը և Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի հրավիրյալ երաժիշտները (գեղարվեստական ղեկավար՝ Երվանդ Վարոսյան):
Համերգի ընթացքում երաժշտախմբերը հանդես եկան դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Որպես մենակատարներ ներկայացան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Նարինե Անանիկյանը (մեցցո սոպրանո), Տիգրան Օհանյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս):
«Այս համերգի գաղափարը ծագել էր դեռևս այս տարվա սկզբին: Որոշել էինք այնպիսի տեղ ընտրել համերգի անցկացման համար, որ բավականին շատ մարդ կարողանա ներկա գտնվել: Ծրագիրն էլ որոշվեց Ռոբերտ Մլքեյանի կողմից: Ներգրավվեցինք նաև Գյումրու մշակութային երաժշտախմբերին: Մենք ցանկանում էինք այնպես անել, որ Երևանի և Գյումրու կարող ուժերը միավորվեն մեկ նախագծի շուրջ»,-նշում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնատար Նորայր Նազարյանը:
Նրա խոսքով՝ նմանատիպ համերգով ևս մեկ անգամ փորձ է կատարվել հարգանքի տուրք մատուցել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:
Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանն էլ փաստում է՝ այս համերգն առաջին հերթին իր հոգու պարտքն էր:
«Ես շատ եմ կապված Գյումրիին, երկար տարիներ աշխատել ու շարունակում եմ աշխատել այստեղ: Պարտադիր համարեցի, որ անպայման երկրաշարժի 30-րդ տարելիցին պետք է հանդես գամ ինչ-որ նախաձեռնությամբ: Հիշելով մեր նահատակներին՝ պետք է ավելի ուժեղ լինենք և շարունակենք ապրել. այս է մեր ուղերձը»,-նշում է Ռոբերտ Մլքեյանը: Հավելենք, որ համերգն անցավ լեփ-լեցուն սրահում՝ մասնակիցների անվերջ ծափահարությունների ներքո:
Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ՝ դեկտեմբերի 2-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանում առաջին անգամ ներկայացվել էր ևս մեկ «Ռեքվիեմ»՝ Բրուքների ստեղծագործությունը, որը կրկին հնչեց ի հիշատակ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի զոհերի:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի մամուլի հաղորդագրություն
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում