«Անվանի լուսանկարիչների մեծ մասը մասնագիտական կրթություն չունի»
Նմանատիպ
Հարցազրույց մոսկվաբնակ գրող, արձակագիր, պոետ, թարգմանիչ, լուսանկարիչ, հրատարակիչ Լեւոն Օսեպյանի հետ
– Երեւանում շուրջ տասը տարի առաջ դուք ներկայացաք նաեւ իբրեւ լուսանկարիչ, սակայն հայաստանյան լայն հասարակությունն ավելի շատ ձեզ ընկալում է իբրեւ գրող, հրատարակիչ, մոսկովյան «Մեկենաս եւ աշխարհ», «Առագաստ» ալմանախների գլխավոր խմբագիր, Ռուսաստանյան գրողների միության նախագահության անդամ, Գրողների եւ հրապարակախոսների միջազգային ասոցիացիայի անդամ, Հայաստանի հետ մոսկովյան ընկերության համանախագահ եւ այլն: Հայաստանցիներիս ծանոթ են ձեր գրական ստեղծագործությունները թարգմանված հայերեն, լեհերեն, չեխերեն, իտալերեն, գերմաներեն եւ այլ լեզուներով…
– Այդպես էլ պետք է լիներ, քանի որ լուսանկարչական արվեստն իմ ստեղծագործական կյանքում «երիտասարդ» է: Բայց աշխատանքներս արդեն տեղ են գտել Ամերիկայի, Կանադայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Իրանի եւ այլ երկրների, ինչպես նաեւ՝ Հայաստանի մասնավոր հավաքածուներում: Ընդ որում, որոշ լուսանկարներ բազմաթիվ գրողների, այդ թվում՝ հայ, գրքերի շապիկներին են, որոշներն էլ օգտագործվել են իբրեւ իլյուստրացիաներ: Ընդհանրապես լուսանկարներս տեղ են գտնում նաեւ տարբեր երկրների թերթերում եւ պարբերականներում:
– Արդեն ճանաչված արվեստագետը, գրողը ինչպե՞ս դարձավ լուսանկարիչ:
– Այդ պատմությունը կարծես անեկդոտ լինի. Մոսկվայում գնեցի թանկարժեք ձայնագրիչ եւ որպես նվեր ստացա լուսանկարչական սարք: Այդ պահից սկսվեց լուսանկարչի՝ իմ գործունեությունս:
– Կարելի՞ է ենթադրել, թե լուսանկարիչ դառնալու համար այնքան էլ պարտադիր չէ մասնագիտական կրթությունը:
– Չգիտեմ՝ այն պարտադի՞ր է, թե՞ ցանկալի… բայց բացառություններ միշտ լինում են: Մի բան հաստատ կարող եմ ասել՝ աշխարհում անվանի լուսանկարիչների գերակշիռ մասը մասնագիտական կրթություն չունի: Ճիշտ է՝ եթե լուսանկարչական սարք նվեր չստանայի, գուցե չզբաղվեի կամ չդառնայի լուսանկարիչ, բայց ես պատրաստված եմ եկել այդ ոլորտ: Սկզբնական շրջանում տեսախցիկը ուղղված էր միայն մշակույթի գործիչներին: Հետագայում, իհարկե, այլ ոլորտներ էլ ընդգրկեցի, բայց մեծ հաշվով հերոսներս արվեստի գործիչներ են: Հազարամյակների պատմություն ունի լուսանկարչությունը, որի հայտնագործման համար հիմք է ծառայել հույն փիլիսոփա Արիստոտելի (մ.թ.ա. 4-րդ դար) տեսությունը: Դրան իր աշխատանքներում անդրադարձել է նաեւ Լեոնարդո դա Վինչին… Իսկ լուսանկարչական ապարատի ստեղծողը 19-րդ դ. ֆրանսիացի նկարիչ, քիմիկոս Լուի Դագերն է: Առաջին լուսանկարը համարվում է փորձերի արդյունքում Նիեպսի կողմից 1826թ. արված «Տեսարան պատուհանից» նկարը, իսկ ավելի ուշ՝ 1861-ին անգլիացի ֆիզիկոս Մաքսվելի կողմից արվել է առաջին գունավոր լուսանկարը…
– Ինչպե՞ս ճանաչում ձեռք բերեցիք իբրեւ լուսանկարիչ:
– Կպատասխանեմ մեկ նախադասությամբ, ինչը իրականություն է՝ միայն ցուցահանդեսներիս շնորհիվ: Գուցե Երեւանում լուսանկարչական ցուցահանդեսներ քիչ են այցելում, բայց միայն Երեւանում ունեցել եմ ավելի քան 10 ցուցահանդես: Լուսանկարչությունը բարդ մասնագիտություն է: Լուսանկարչին անհրաժեշտ են հազար ու մի հատկություններ ու հատկանիշներ… Սկզբնական շրջանում ցանկալի արդյունքի հասնելու համար քանիցս դիմել եմ նույնիսկ մանր-մունր խուլիգանական հնարքների…
– Ասում են՝ հանդիսանում եք բարձրաստիճան պաշտոնյայի անձնական լուսանկարիչ…
– Դա այդպես չէ: Եթե այդքանը գիտեք, ուրեմն գիտեք նաեւ, թե ում մասին է խոսքը: Իսկ նա մեր հայրենակիցն է՝ բարերար, ԽՍՀՄ շրջանի երկրաբանության վերջին մինիստր Գրիգոր Գաբրիելյանցը, որի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ Շուշիում երկու թանգարան է հիմնադրվել՝ գեղանկարչության եւ քարերի: Նա նաեւ իմ որոշ նախագծերի աջակիցն է:
– Կան մարդիկ, որոնք խուսափում են լուսանկարվելուց, պատճառաբանելով, թե ֆոտոգենիկ չեն…
– Չկա՛ նման բան … Ստիպված եմ կրկնել, որ սա շատ բարդ արվեստ է, իսկ ցանկալի արդյունքը կախված է ոչ միայն լուսանկարչից, այլ հազար ու մի հանգամանքից, նույնիսկ այդ պահին լուսանկարվողի հոգեբանական վիճակից:
– Այսօր որպես գրո՞ղ, թե՞ լուսանկարիչ եք Հայաստանում…
– Այդ հարցին գուցե սպառիչ պատասխան չտամ: Միայն նշեմ, որ պայմանավորվածություններ ունեմ լուսանկարելու արվեստի անվանի գործիչների: Սա մեծ ձեռնարկ է, որի մասին դուք անպայման կիմանաք, եթե նույնիսկ ես անձամբ Հայաստանում չներկայացնեմ այն:
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում