Քամիները բոլոր․․․Ռազմիկ Դավոյան
Նմանատիպ
Քամիները բոլոր, քամիները բոլոր,
Ինձ թվում է թաքուն
Ամեն տարի մի օր,
Սուր-սուրալով, կամ թե
Փափուկ թավալգլոր,
Հավաքվում են մի տեղ
Քամիները բոլոր:
Եվ աշխարհի վրա, եւ աշխարհի վրա
Քարանում է հանկարծ
Հողը հազարամյա,
Ու քարերը քարե
Շնիկներ են դառնում,
Տիեզերքում մի մեծ
Լռություն է հառնում,
Ասես հողը մեկից
Երկինք է համբառնում:
Ուռուցիկ են դառնում
Եվ ծովերը բոլոր,
Օվկիանոսներն ամեն,
Որ խորքերից իրենց անհուն տագնապների
Մի ձայն, մի շշնջյուն,
Մի հառաչանք քամեն:
Եվ ուռուցիկ, կապույտ ջրերն իրենց վրա
Բարձրացնում են ճերմակ
Առագաստներ անթիվ,
Որոնք քամով լցված,
Ուռչում են անընդհատ
Ու լուռ քարանում են
Չսուրալու խանդից:
Եվ ուռուցիկ, թավշե շրթունքների վրա
Բառն ուռչում է՝ որպես
Բողբոջն ամենամեծ,
Եվ չի հիշում ոչ ոք,
Ոչ մեկը չի հիշում,
Թե ո՞վ իրենց այդպես
Համրությանը գամեց:
Եվ լարումի ցավից
Կտրատվելով անլուր,
Հանկարծ տիեզերքում Բանաստեղծն է ճչում,
Եվ սուրում են ծովում
Առագաստներ անթիվ,
Եվ պոկվում են շուրթից
Հնչյունները կպչուն,
Եվ լսվում է ՝ ինչպես
Հողի ամեն հյուլե
Արձագանք է հնչուն:
Նա ճչում է այդպես
Եվ ինքն արդեն չկա,
Նա ցրվում է կյանքի
Աչքերի մեջ ագահ,
Եվ նա չի էլ լինի,
Չի հայտնվի, մինչեւ
Այդ մեծ, սարսափելի
Լռությունը չգա: