Համերգային երեկո՝ նվիրված Հայկանուշ Դանիելյանին
Նմանատիպ
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Հատուկ հանդիսությունների սրահում դեկտեմբերի 11-ին տեղի կունենա մեծանուն օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժող. արտիստ Հայկանուշ Դանիելյանին նվիրված համերգային երեկո: Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համերգին ելույթ կունենան՝ տենոր Լիպարիտ Ավետիսյանը, սոպրանոներ Ալինա Փահլեվանյանը և Ռոզա Հովսեփյանը։ Դաշնակահարն է Զարուհի Թոփչյանը:
Մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանը Հայկանուշ Դանիելյանի մասին ասել է․ «Անկասկած, հայ կատարողական արվեստի բարձրակետը Հայկանուշ Դանիելյանի արվեստն էր: Նա իմ իմացած համաշխարհային մասշտաբի երգիչ-երգչուհիների մեջ ամենաէմոցիոնալ, ամենաինտելեկտուալ ու ամենախորը ստեղծագործողներից էր: Նրա երգը բուն հայկական էր և մի անբացատրելի, միստիկական ու սարսռող զորություն ուներ…»:
Հայ օպերային երգչուհի ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Հայկանուշ Դանիելյանը (1893- 1958 թթ.) հայ երգիչներից առաջինն է արժանացել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը (1939)։
1920 թվականին ավարտել է Պետրոգրադի կոնսերվատորիան։ 1920-1932 թվականներին երգել է Պետրոգրադի և Թիֆլիսի օպերային թատրոններում: 1924 թվականին երգիչներ Լևոն Իսեցկու և Շարա Տալյանի հետ մասնակցել է Լենինականի օպերա-օպերետային խմբի ներկայացումներին, հանդես եկել համերգներով։ 1941-1951 թվականներին դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, 1943-1948 թթ. եղել է վոկալի ամբիոնի վարիչ, 1949 թվականից՝ պրոֆեսոր: 1949-1952 թվականներին եղել է Պյոտր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրենը, 1932-1948 թթ.՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ 1941 թվականին նկարահանվել է «Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայում նկարահանած «Հայկական կինոհամերգ» ֆիլմում։
Համերգային ծրագրում կատարել է հայ և արտասահմանցի կոմպոզիտորների՝ Չայկովսկու, Ռիմսկի-Կորսակովի, Ռախմանինովի, Գլազունովի երգերից ու ռոմանսներից։ Առանձնահատուկ ներշնչանքով է մեկնաբանել «Ծիծեռնակ», Կոմիտասի «Չինար ես», «Քելե-քելե», «Քելեր-ցոլեր» երգերը, Սպենդիարյանի «Առ սիրուհիս», Մելիքյանի «Սև կաքավիկ», «Ծիլ-ծիլա» և այլ ռոմանսներ։
1941 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ: 1946-1950 թթ. եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 2-րդ գումարման պատգմավոր, Հայկական ԽՍՀ 1-ին և 3-րդ գումարման պատգամավոր:
Աղբյուր` Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում