Ռուսաստանը որոշակի պատժիչ գործողություններ է իրականացնում Հայաստանի նկատմամբ

Միջազգային ճնշումներին հակազդելու հնարավորություն ներկայիս իշխանությունը չունի’ թույլ է, իսկ հռետորաբանությամբ խնդիրները չեն լուծվում: , Ինչպես հայտնում է Panorama.am-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը’ նշելով, որ վերջին տարիներին դրական փոփոխությունների ականատես չենք եղել:

Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին, ապա Ա.Մարտիրոսյանը տեսնում է, որ այս ոլորտում գործընթացներն ակտիվանում են.«Մենք դա տեսնում ենք նախագահական ընտրությունների շնորհավորանքների երկրորդ իսկ տողում, որտեղ պահանջատերերը, այսպես ասած, իրենց պարտքն են պահանջում’ հիշեցնելով կարգավորման վերաբերյալ խոստումները»,- նշեց բանախոսը:

Նրա խոսքով, 2007 թ-ից սկսած ամեն տարի նշվել է, որ 0.4-0.6 տոկոսով ստվերը պետք է կրճատվի, բայց տարիներ ենք ունեցել, երբ դա աճել է, ոչ թե նվազել, այնպես որ ընդհանուր առմամբ որևէ փոփոխություն չի եղել.

«Ստվերն ինչպես եղել է, այնպես էլ մնալու է և կառավարությունը այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկելու և չէր էլ կարող ձեռնարկել’ կառավարությունը ծառայում է այն սուբյեկտին, ով իրեն ստեղծել է: Դա օլիգարխիան է, դա ընտրակեղծարարների բանակն է, բարձրաստիճան չինովնիկական դասն է: Ուստի և սպասել ստվերի կրճատում պետք չէ»,- հայտարարեց Արմեն Մարտիրոսյանն ու հավելեց, որ որքան էլ խելացի վարչապետը գեղեցիկ մտքեր արտահայտի մտածողության հեղափոխության մասին, մտածողություն հեղափոխություն կարող է անել միայն էլիտան, իսկ Հայաստանում կա միայն «կրիմինալ էլիտա», որը չի կարող անել այդ հեղափոխությունը:

Իրավիճակի փոփոխություն հնարավոր է մի քանի ճանապարհով, որոնցից մեկը, ըստ «Ժառանգության» ներկայացուցչի, խորհրդարանական նոր ընտրություններն են, թեպետ եթե դրանք էլ լինելու են այնպիսին, ինչպիսին նախորդներն են եղել, ապա ավելի լավ է չլինեն.

«Եթե ոչ, ապա իմաստ չունի բյուջեից ավելորդ գումար ծախսել»,- ընդգծեց նա:

Երկրորդ ուղին էլ Սահմանադրության փոփոխություններն են, որոնց արդյունքում ընդդիմությունը կստանա երկրի գրեթե բոլոր վերահսկողական լծակները, ինչպես նաև անհրաժեշտ է անցնել հարյուր տոկոսով համամասնական համակարգին.

«Ամբողջ համակարգը քայքայման եզրին է»,- շեշտեց նա:

Ինչպես հայտնում է Tert.-ը, Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ գազի թանկացման տեսանկյունից Ռուսաստանը որոշակի պատժիչ գործողություններ է իրականացնում Հայաստանի նկատմամբ։ «Եթե մեր անկախության գինը պետք է լինի գազի գնի բարձրացումը, ես համաձայն եմ, բայց եթե անկախության գինը լինելու է գնի բարձրացումից հետո իշխանության ոչ ճիշտ քայլերը, ես դա չեմ ուզում»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ եթե Հայաստանի իշխանությունը խոցելի չլիներ, նույնիսկ գազի գնի այդքան բարձրացումը ազդեցություն չէր ունենա, բայց քանի որ մեզ մոտ «մոնոպոլիա» է, դա մեծ ազդեցություն է ունենում։ «Եվս մեկ անգամ կառավարությունը եկամուտների ոչ համաչափ բաշխման քաղաքականություն է վարում»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է կառավարության կողմից գազի գնի 30% սուբսիդավորման հնարավորությանը, Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ եթե դա աշխարհաքաղաքական խնդիրների հետ կապ ունի, եվրոպացի գործընկերները կարող են ֆինանսապես էլ օգնել, բայց միևնույն է, նույնիսկ եթե այդ միջոցները լինեն, իր համար ընդունելի չէ սուբսիդավորման այդ ձևը։

«Իմ սեփականության հաշվին պետությունը գերշահույթներ կապահովի մի քանիսին, ուստի ես այդ մեխանիզմին կտրականապես դեմ եմ»,- ասաց նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում