«Զվարթնոցի» հին մասնաշենքը կարող է խոչընդոտ դառնալ օդանավակայանի զարգացմանը

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պատկանում է Սովետական շրջանի մոդեռնիստական ստեղծագործությունների շարքին: Եվ վերջերս լուրեր էր պտտվում, որ այն ուզում են քանդել: Սակայն այսօր այդ հարցը պարզաբանվեց: 

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը չի ցանկանում քանդել «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքը: Ինչպես հայտնում է Panorama.am կայքը, այս մասին ասուլիսում հայտարարեց ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը:

«Մենք Զվարթնոցի կոնցեսիոն կառավարիչ ընկերությունն ենք, իսկ սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է: Մենք որպես կոնցեսոին կառավարիչ, մեր զարգացման ծրագիրն ենք ներկայացրել. եթե նախատեսում ենք հինգ-տաս տարի անց մեծացնել օդանավակայանը, ապա հին մասնաշենքը տեղադրված է այն վայրում, որը կարող է խոչընդոտ առաջացնել: Մենք մեր կարծիքն ենք ներկայացրել, թե ինչպես ենք տեսնում օդանավակայանի տարածքի ընդլայնումը»,- մանրամասնեց նա:

Ինչպես հայտնում է Aysor.am-ը, Շխյանը նաև նշեց, որ իրենք օդանավակայանի զարգացման ծրագրեր էին ներկայացրել, որի մեջ ներառված էր կլոր մասնաշենքի քանդման մասին կետը, սակայն քաղաքապետարանը մերժել է:

Ա. Շխյանը նաև նշեց, որ մերժումը սպասելի էր իրենց համար: Բանախոսը հավելեց, որ իրենց ծրագրով նախատեսվում էր նաև օդանավակայանից մետրոյի կայարան երկաթգիծ ունենալ և այլն:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հիմնադրվել է 1961թ., նոր շենքը (կլոր) նախագծվել է 1974թ., շահագործման է հանձնվել 1982 թվականին, ճարտարապետներն են’ Ա. Թարխանյանը, Ս. Խաչիկյանը, Ժ. Շեխլյանը, Լ. Չերքեզյանը: Օդանավակայանի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել 2011-ի աշնանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում