Ստրասբուրգում տուժածների թվում, նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան

Ստրասբուրգում տուժածների թվում, նախնական տվյալներով, Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am։ Ստրասբուրգում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարված գրառմամբ հայտնել է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։

«Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը երեկ Ստրասբուրգում տեղի ունեցած իրադարձությունների սկզբից ևեթ աշխատանքներ է իրականացրել` պարզելու Եվրոպայի խորհրդի քարտուղարությունում աշխատող հայազգի պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, գործուղմամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարբեր պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների դրությունը:

Մշտական ներկայացուցչության նախնական տվյալներով` Ստրասբուրգում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:

Խնդրում ենք հետևել Ֆրանսիայի պաշտոնական լրահոսին և ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց:

Մշտական ներկայացուցչությունը կապի մեջ է Ստրասբուրգի իշխանությունների հետ: Նոր տեղեկատվության առկայության դեպքում կհայտնենք լրացուցիչ»,– նշված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում