«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական` 10-րդ կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 7-ին
Նմանատիպ
ՀՀ մշակույթի նախարարությունում այսօր կայացել է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական’ 10-րդ կինոփառատոնին նվիրված առաջին մամուլի ասուլիսը: Համատեղ մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 10-րդ կինոփառատոնը կկայանա հուլիսի 7-ից 14-ը:
Այս տարի ևս փառատոնի կողքին են գլխավոր հովանավոր, բաժանորդի ազատ ընտրությունը քաջալերող ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը: «Ոսկե ծիրանի» համար 2013 թվականն առանձնահատուկ է’ հոբելյանական: Փառատոնին կհյուրընկալվեն կինոյում մեծ վաստակի համար «Փարաջանովյան թալերի» արժանացած Քշիշտոֆ Զանուսին, Գոդֆրի Ռեջիոն և նշանավոր կինոգործիչ Յոս Ստելինգը: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե, կինոդերասան Շառլ Ազնավուրի աստղը:
Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1200 հայտ’ աշխարհի 94 երկրից (2012թ.-ին’ 67 երկիր), ինչը փաստում է, որ «Ոսկե ծիրանի» հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի ևս կներկայանա լիամետրաժ, վավերագրական և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթային ծրագրերով, ինչպես նաև «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթային ծրագրով: Մրցույթային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը գնահատելու է չորս ժյուրի: «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին կգլխավորի հունգարացի ականավոր կինոռեժիսոր, համաշխարհային կինոյի դասական’ Իշտվան Սաբոն, իսկ «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթի» ժյուրին կգլխավորի 2012թ.-ի «Ոսկե ծիրանի» դափնեկիր, նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցան: Փառատոնի օրերին կաշխատեն նաև Կինոգետների և կինոքննադատների միջազգային ֆեդերացիան (ՖԻՊՐԵՍՍԻ) և Էկումենիկ ժյուրին: Հարուստ են «Ոսկե ծիրանի» արտամրցույթային ծրագրերը: Դրանց թվում առանձնակի նշանակություն ունեն «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերը, որոնցում անակնկալներ են սպասվում համաշխարհային կինոյի վարպետներից: Փառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցվի Արամ Խաչատրյանի 110, Արտավազդ Փելեշյանի և Ներսես Հովհաննիսյանի 75-ամյակների առթիվ:
«Ոսկե ծիրան» հոբելյանական տասներորդ կինոփառատոնը կլուսաբանեն ոչ միայն Հայաստանի ԶԼՄ-ները, այլև միջազգային ճանաչում ունեցող հեռուստաալիքներ և պարբերականներ: Մասնավորապես՝ «Euronews»-ը, «Культура» հեռուստաալիքները, «The National»-ը, «Sight and sound»-ը, “Positif”-ը և այլն:
Մինչև փառատոնի մեկնարկը, միջազգային բարձրորակ մասնագետների և Արևելյան գործընկերության երկրներից ժամանած երիտասարդ կինոգետների, կինոքննադատների մասնակցությամբ, նախատեսվում է իրականացնել նաև դասընթաց՝ «Կինոլրագրություն առանց սահմանների» խորագրով: Արդյունքում՝ փառատոնի օրերին համատեղ ուժերով կտպագրվի «Ոսկե ծիրան» ամենօրյա պարբերականը:
«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի մամլո ծառայություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում