Գազի գինը իրականում բարձրանում է 48%. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի համար զարմանալի չէ, որ կառավարությունը հայտարարում է, որ գազի գինը կբարձրանա 67%-ով, հետո նշում է, թե բանակցությունների արդյունքում այն կբարձրանա ընդամենը 18%-ով, իսկ իրականում, ըստ Բագրատյանի՝ այն կբարձրանա 48%-ով։

«Ես Facbook-ի իմ էջում գրել էի չէ՞. գազը 24 դրամով թանկացնում են, էլեկտրաէներգիան 30-ից դարձնում են 38 դրամ, որ դա ներկայացնեն մեծագույն հաջողություն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

Նշենք, որ նա գրել էր. «Գազի գինը ճիշտ է բարձրանալու է, բայց քանի որ մերոնք (Սերժ Սարգսյանը) շատ ճարպիկ ու հարգված են, ապա նրանց խաթեր այն ավելի քիչ է բարձրանալու, քան պիտի բարձրանար։ Նման բան կարելի է ասել ինչքան ուզես. չէ՞ որ, բնականաբար, ոչ ոք չգիտի, իսկ ինչքան պիտի բարձրանար (համեմատելու շեմ չկա)»։

ՀԱԿ պատգամավորը հստակեցնում է, որ իրականում, գազի գինը բարձրացել է ոչ թե 18%-ով, ինչպես շրջանառության մեջ են դրել, այլ 48%-ով։ «Բանն այն է, որ հետայսու գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար հայ սպառողը վճարելու է 156 դրամ, իսկ կառավարությունն էլ վրան ավելացնելու է 37 դրամ։ Ուրեմն, մանրածախ շուկայում, 132 դրամ գինը կդառնա 193»,- ասաց նա և բացատրեց, որ եթե գինը բարձրացնում են 18%, բայց սուբսիդավորում են 30, ուրեմն բարձրացումը 48% է։

«Դե խոսում էին էլի, ինչպես միշտ»,- ասաց նա, օրինակ բերելով հենց կառավարության ծրագիրը, որին ԱԺ մեծամասնությունը կողմ քվեարկեց։

«Հանրապետության նախագահն ասում էր, չպետք է լինի 7%-ից պակաս աճ, ճի՞շտ է, բայց այսօր փաստաթուղթ ընդունեցին, որ աճը պետք է լինի 5-7 %»,- ասաց նա։

Բագրատյանը նշեց, որ ի սկզբանե էլեկտրաէներգիայի թանկացման մասին խոսք չկար։ «Հետո նկատի ունեցեք, որ ի սկզբանե էլետրաէներգիայի բարձրացում նախատեսված չէր»,- ասաց նա՝ հստակ չնշելով, թե էլ ինչ թանկացումներ կլինեն։ Կոնկրետ տրանսպորտի գինն, ըստ նրա, հավանաբար, կբարձրանա։ «Տրանսպորտի վրա չեմ իմանում, դե իրենք էլ ասեցին կբարձրանա, ես կարծում եմ, որ կբարձրանա»,- ասաց նա։

«Հետո, բացի այդ, ահռելի ճնշման արդյունք է, այդ թվում նաև իմ ճնշման, որ մի փոքր քիչ է բարձրանում (64%-ի փոխարեն 48%)։ Բոլոր դեպքերում սա էլ Եվրոպայի ամենաթանկ գներից է։ Հիմա ասեմ, գնացեք Ուկրաինայի գազի գնի հետ համեմատեք»,- ասաց նա՝ նկատի ունենալով այն, որ ՌԴ-ն ավելի բարձր մեծածախ գնով վաճառում է Ուկրաինային, մինչդեռ մանրածախով այն ավելի էժան է լինում Հայաստանի համեմատ։

«Ուկրաինայում 2500 խմ գազը 72,5 ուկրաինական կոպեկ է, դա հայկականով դառնում է տարեկան 36 դրամ։ 2500 խմ-ից մինչև 6000-ը առաջինը 1 գրիվնա 10 կոպեկ է (55 դրամ), 6000-ից 12 000 խմ գազն արդեն դառնում է 220 կոպեկ, այսինքն՝ դա հայկականով 116 դրամ է լինում, երբ այդ երկիրը գազը ստանում է 400 դոլարով գազը»,- ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում