Ստեղծվել է «Բնական աղետից տուժածների հիմնադրամ» ի օգնություն Արմավիրի մարզին

Ըստ հաշվարկների’ Արմավիրի մարզում կարկտահարությունից վնասվել են 2900 հա խաղողի, 3100 հա պտղատու այգիներ և 5200 հա բանջարաբոստանային և կերային մշակաբույսերի ցանքատարածություններ, որի ընդհանուր վնասը գնահատվել է 20-25 մլրդ դրամ կամ մոտ 50 մլն դոլար:Ինչպես հայտնում է Aysor.am-ը, այս մասին Ազգային ժողովում լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«100 տոկոս փոխհատուցում ոչ մի տեղ չի լինի և ոչ էլ հնարավոր է: Պտղատու այգիներին չենք կարող սերմեր տալ, դիզելային վառելիքի առումով էլ, պահանջից ելնելով, կաշխատենք բավարարել»,- ասաց բանախոսը և հավելեց, որ բյուջեն անսահմանափակ չէ:

«Վարչապետի կողմից հանձնարարական կա’ օգնության բաշխման վերահսկողությունը ապահովելու համար, վերահսկողությունը կիրականացնեն հենց գյուղացիները»,- ասաց Ս. Կարապետյանը:

Եզրափակելով խոսքը’ գյուղնախարարը նշեց, որ ապահովագրական համակարգ ստեղծելու համար արդեն իսկ քայլեր արվում են, սակայն դա, ըստ նախարարի, մեկ-երկու տարվա գործ չէ:

Թիվ 21 ընտրատարածքից ընտրված Ալիկ Պետրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Բնական աղետից տուժածների հիմնադրամ», որը կգործի 2 ամիս՝ մինչև օգոստոսի մեկը՝ Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիներին կանխիկ ֆինանսական աջակցություն ցույց տալու համար: Ինչպես հայտնում է Tert.am-ը, այս մասին այսօր պատգամավորը հայտարարեց Ազգային ժողովում կարկտահարության թեմայով հասարակական լսումներից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Շատ կարևոր է , որ դրամահավաքը կազմակերպվի մինչև օգոստոսի մեկը, քանի որ հանդիպել եմ մեր Արմավիր մարզի բոլոր գյուղացիների հետ, և նրանք բոլորը հարմար են գտնում, որ դա լինի մինչև այդ ժամկետը»,- ասաց պատգամավորը և նշեց, որ մինչև բնական աղետի հետևանքները վերացված չլինեն, ինչը կտևի երկու-երեք տարի, մարզը կդիտարկվի որպես աղետի գոտի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում