«Ապրելու վճիռ»
Նմանատիպ
Հայաստանի գրողների միությունում նախօրեին կայացավ «Ապրելու վճիռ» գքրի շնորհանդեսը։ Գրքում ընդգրկված են վերջին չորս տարիներին «Գրական թերթում» տպագրված հրապարակախոսական լավագույն գործերը։
Գրքի խմբագիրներից արձակագիր Ալիս Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այս յուրատեսակ ժողովածուի նյութերից երևում է, թե որտեղ են մեր ժամանակակից գրողներն ու, որն է նրանց արձագանքը մեր երկրի և աշխարհի կարևոր իրադարաձություններին։
Գրքում 17 հեղինակի մեկական կամ երկուական աշխատանքներ են. Աշխեն Աբազյան, Կարինե Աշուղյան, Ռուզան Ասատրյան, Պերճուհի Ավետյան, Անահիտ Արփեն, Սամվել Բեգլարյան, Գոհար Գալստյան, Կարինե Խոդիկյան, Սամվել Կոսյան, Հակոբ Հարություն, Ալիս Հովհաննսիյան, Հրաչօ, Նանե, Հերմինե Նավասարդյան, Գրիգոր Ջանիկյան, Վահան Սաղաթելյան, Հովիկ Վարդումյան։
Գրքում ներկայացված նյութերը հինգ ենթավերնագրերի ներքո են հավաքված՝ «Մեր ստվերների ստվերում», «Մենք և աշխարհը», «Մայր հողին հավատարիմ», «Հոգու մշակույթ», Թավշյա օրեր»։
Գիրքը երկու այլ վերնագրեր էլ ունի՝ «Մեր փրկությունը մեր ձեռքերում է» և «Քայլք գրչով»:
«Այստեղ՝ գրողների քայլերն են՝ գրասեղանի առաջ տքնանքը, մտահոգությունը, հորդորը, խորհուրդը, ճիչը, ուղղորդումը…Քայլեր, որ այնուհետև միացան հեղափոխության փոթորկոտ գետին ու ալիքվելով նոր կյանքին, որ ընթացքի հուն բացեցին»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
«Ո՞ւր են մեր գրողները, ովքե՞ր են, ի՞նչ են գրում, ի՞նչ են անում։ Իսկ որտե՞ղ կարող է լինել գրողը, եթե ոչ դեպքերի, իրադարձությունների հորձանուտում։ Եթե դիրքերի վրա չէ, ուրեմն մոտակայքում է, ուրեմն մատակարարն է դիրքերի վրա եղողների, իսկ եթե ոչ այստեղ է, ոչ այնտեղ և ոչ էլ մի այլ տեղ, ուրեմն գրող չէ պարզապես կամ էլ գրողն է նրանց, ովքեր չգիտեն, թե ով է գրողը»,-գրել է արձակագիր, հրապարակախոս Ալիս Հովհաննիսյանը «Ապրելու վճիռ» գրքի խմբագրականում։
Գրքի մյուս խմբագիրը բանաստեղծուհի Նանեն է։ Նա գրել է. «Այս գիրքը աշխարհ եկավ ապշանքից, հուզմունքից ու լարվածությունից մարդկանց պես շունչն ասես պահած օրերի վերուվարի, ուրախության, ամոթի, հիասթափության, հրճվանքի, նյարդերի կծիկ դառնալու ու լիցքաթափման հենց միջում»:
Շնորհանդեսի սկզբում Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքով կարևորեց գրքի նախաձեռնությունն ու լույսընծայումը:
«Ամեն մարդու է ուղղված հրապարակախոսությունը։ Ընթերցողը եթե ընկալի գրի էությունը, ճշմարիտ ուղիներ կփնտրի իր, ժողովրդի և պետության համար: Պետք է ընկալել ճշմարտությունը. այն կամ կա, կամ չկա, ավել կամ պակաս ճշմարտություն չի լինում:Կարծում եմ՝ 17 հեղինակներն էլ խղճով, գրչով, հավատամքով կամ բանավոր խոսքով միշտ էլ հետամուտ են եղել ճշմարտությանը և «Գրական թերթով» ստեղծել են որակ՝ սատարելով հայ կյանքին: Ժամանակի վկայագրում-վկայակոչում կարող է կոչվել այս գիրքը, մատը վերքին դնող, ծրագիր ցույց տվող»,- նշեց Է.Միլիտոնյանը:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանն ասաց, որ գիրքը և նրանում գրողների հրապարակոխոսական գործերի այս հավաքական պատկերը ոչ միայն մեր ժամանակի համար է, այլ պատմության. «Մի ժողովածուում հավաքված հրապարակախոսական նյութը շատ ավելի ազդեցիկ է ու օգտակար, քան եթե սփռված է մամուլում: Հիմա, երբ հարկ է լինում անցյալ որևէ գրողի հրապարակախոսական կոնկրետ նյութ գտնել, ստիպված ենք լինում հին ժամանակների բազմաթիվ արխիվներ քրքրել, լրագրեր գտնել, թերթել, իսկ այս ձևով հեշտանում է հետազոտողի աշխատանքը: Ժողովածուում ընդգրկված հեղինակները «Գրական թերթի» ակտիվ հեղինակներն են: Բարդ բան է հրապարակախոսությունը: Եթե կա հիմնախնդիրը, գրողը պետք էկարողանա դրա խորքը թափանցել, պետք է գնա, տեղում ուսումնասիրի, մարդկանց հետ խոսի, ինքն իր մեջ վերլուծի, շարադրի և լուծումներ առաջադրի՝ ի տարբերություն գեղարվեստական գրականության: Հրապարակախոսական հոդվածը նպատակ ունի ինչ-որ չափով արտահայտելու իր տեսակետը լուծման վերաբերյալ»:
Շնորհանդեսի ընթացքում «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանն ասաց, որ եթե չլիներ ՀԳՄ ղեկավարության վստահությունը և ընձեռած խոսքի ազատությունը, գուցե այս պատկերն այսօր չունենային:
Շնորհանդեսի ընթացքում շատերը կարևորեցին նման ժողովածուի հրատարակումը, ընդգծեցին, որ այս երևույթը անպայման պետք է շարունակական լինի։ Հրապարակախոսական գործերի ժողովածուն սահմանափակ քանակով է լույս տեսել, տպագրվել է Գրողների միության ֆինանսավորմամբ։
Աղբյուր` Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում