Մեղա՜ Քեզ Տեր, մեղա՜, քանզի խախտեցի Քո պատվիրանները
Նմանատիպ
Սուրբ ծերերի մեջ կար մեկը, որին Քրիստոս այնպիսի շնորհ էր տվել, որ Սուրբ Հոգու շնորհիվ տեսնում էր բաներ, որ մյուսները չէին տեսնում:
Մի անգամ, երբ եղբայրներով զրուցում էին հոգևոր բաների շուրջ, այնժամ ծերը տեսնում էր եղբայրների մեջ կանգնած ժպտադեմ սուրբ հրեշտակներին, որոնք հաճույքով ունկնդրում էին խոսակցությունն Աստծո մասին: Երբ խոսակցությունը փոխվում էր ունայն թեմաների շուրջ, հրեշտակները տխրելով հեռանում էին զրուցակիցներից, և նրանց փոխարեն հայտնվում էին գարշելի վայրի բորոտած խոզեր, որոնք դևեր էին:
Նրանք ընդունել էին խոզի կերպարանք և զվարճանում էին վանականների շատախոսությամբ և դատարկաբանությամբ:
Այս տեսնելով, երանելի ծերը գնաց իր խուցը և ամբողջ գիշեր արտասվեց: Նա ցավով արտասվում էր վանականների հոգևոր սայթաքումների համար: Ծերը տեղեկացրեց և ուսուցանեց վանքում ապրող հայրերին ու եղբայրներին՝ ասելով. «Պահպանեք ձեզ շատախոսությունից և ունայն զրույցներից, որից հոգու համար ծնվում են վնասներ և մահ: Մենք չենք հասկանում, որ նման խոսակցությունների միջոցով դառնում ենք ատելի Աստծուն և Իր հրեշտակներին: Շատախոսությունը տկարացնում է մեր հոգին և միտքը ու այնտեղ ստեղծում մեծ դատարկություն»:
(Հարանց Վարք)
Հեռացրո՛ւ, Տե՛ր, իմ բերանը բամբասելուց և իմ լեզուն՝ չար խոսելուց, իմ ականջները՝ չար լուր լսելուց, ձեռքերս՝ հափշտակելուց և ոտքերս՝ անառակ ճանապարհ գնալուց և բոլոր անդամներս՝ զգաստացրու միշտ կատարելու Քո կամքը:
Տե՛ս, Տե՛ր, իմ տառապանքները և իմ բազմամեղ հոգու ցավերը, դարձի՛ր, ների՛ր և դեպի Քե՛զ առաջնորդիր, ինչպես որ ասացիր.
«Դարձե՛ք դեպի Ինձ, և Ես կդառնամ դեպի ձեզ»:
Ո՛վ Խորք մեծության և իմաստնության, ընդունի՛ր բռնվածիս, որ մեղքերով ընկել եմ ծովի խորքը, պահպանի՛ր և զորացրո՛ւ ինձ՝ գործելու Քո կամքը, օր ու գիշեր սգալու և լալու իմ ողջ անօրենությունն ու հեղգությունները:
Քավի՛ր ինձ, Տե՛ր, մեղքերից և բամբասանքներից և ներիր իմ անժուժկալության ու ծուլության, որկրամոլության և դատարկաբանության համար, մաքրի՛ր աղտեղության ցանկությունը, հայհոյությունը և բոլոր չար բծերը:
Մեղա՜ Քեզ Տեր, մեղա՜, քանզի խախտեցի Քո պատվիրանները, ելա Կենաց Լույսից և մտա մեղքերի խավարը՝ աղտեղություններ ցանկանալով:
Քո սիրուց հեռացա, բռնվեցի չարից և կորստյան որդի եղա. ողորմի՛ր ինձ՝ բազմամեղիս, բարերա՜ր, քանզի միայն Դու ես մարդասեր:
Եփրեմ Ասորի
Հետևեք մեզ նաև Telegram-ում