Նոր գիրք՝ «Թումանյանի զավակները» մատենաշարից

Նոր գիրք՝ «Թումանյանի զավակները» մատենաշարից

Oրերս Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի ունեցավ բանաստեղծի ավագ որդու՝ Մուշեղ Թումանյանի՝ արխիվային նյութերի հիման վրա կազմված «Թումանյանի զավակները» մատենաշարի հերթական գրքի շնորհանդեսը: «Թումանյանի զավակները. Մուշեղ Թումանյանը եւ իր ընտանիքը» գիրքը հրատարակել է «Մուղնի» հրատարակչությունը: Արխիվային նյութերի մշակմամբ զբաղվել են թանգարանի մասնագետները:

«Մինչ այս, արդեն մի քանի գիրք հրատարակել ենք: Առաջինը եղել է Թումանյանի Արտավազդ որդու նամականին, որին հաջորդել է բանաստեղծի ավագ դստեր՝ Աշխենի հուշագրությունները, իսկ երրորդ գրքում լույս են տեսել Արտավազդի ստեղծագործությունները: Հիմա մեր ընթերցողի սեղանին է դրվում Մուշեղի ընտանեկան արխիվը»,- ասաց թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյան-Խաչատուրյանը:

Թանգարանի գիտաշխատող Սուսաննա Ադամյանը նշեց, որ ինչպես Թումանյանի մյուս բոլոր արու զավակները, Մուշեղը ևս դաժան ճակատագիր ունեցավ ՝ դառնալով ստալինյան բռնապետության զոհ:

«Մուշեղ Թումանյանը ծնվել է 1889 թ. Թիֆլիսում: Ընդունվել է ռուսական գիմնազիա , ինչը Թումանյանի սրտով չէր և նա մյուս երեխաներին հայկական դպրոցներ տվեց :

Գիմնազիայից հետո Մուշեղ Թումանյանն ընդունվել է Պետերբուրգի համալսարան: 1915 թ. կիսատ թողնելով ուսումը ՝ զորակոչվել է ծառայության»,-պատմեց տիկին Սուսաննան:

Գրքում առանձին բաժին է հատկացված Մուշեղ Թումանյանի կնոջ ՝ Մարիա Սոկալսկայայի հուշերին և նամակներին:

«Նրա հուշերը շատ ծանր են, քանի որ ընդամենը մի քանի ամիս է անհոգ կյանք ունեցել: Քաղաքական դրության պատճառով անընդհատ ստիպված է եղել բաժանվել ամուսնուց: Նա աքսորից հրաշքով է փրկվել: 37 թիվը ոչ միայն նրա ամուսնուն խլեց, այլև՝ որդուն»,- նշեց թանգարանի գլխավոր ֆոնդապահ Մարինե Բաղդասարյանը:

Տեղեկացանք, որ գրքի հրատարակությունը մի փոքր երկար է տեւել, մինչեւ հովանավոր գտնվի: Բարեբախտաբար, գիրքը չի արժանացել նույն դժբախտ ճակատագրին, ինչ Թումանյանի զավակները:

Արևիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում