Սկյուռիկը գրում է շարադրություն
Նմանատիպ
Ալյոնկա սկյուռիկը վհատված էր: Երեկ, ուսուցիչ Սև Արագիլը նախազգուշացրեց. “Մեկ շաբաթից չվում եմ տաք երկրներ: Խլահավը ձեզ համար կկարդա` “Ի՞նչ գիտենք հայրենիքի մասին” առարկան: Բայց, մինչ ես կլքեմ հարազատ Բելոռուսիան, թող ամեն աշակերտ շարադրություն գրի` “Իմ հայրենի տունը” թեմայով: Պատմեք ձեր տոհմի, նախնիների, ձեր սիրելի ծառերի, գետակների և ճահիճների մասին”:
Ահա, այդ մտահոգությունն էլ հանգիստ չէր տալիս սկյուռին: “Դե, ի՞նչ կարող եմ ես գրել,- մտածում էր Ալյոնկան: – Առավոտյան փչակից դուրս եմ գալիս, վարժում եմ թաթիկներս, թափահարում եմ պոչիկով: Եթե մոտերքում ոչ ոք չի լինում վազում եմ մինչև սոճու ամենաբարձր կատարը: Այնտեղ, ճյուղի վրա խնամքով հավաքել և փչակում թաքցրել են չորացած սնկերը: Մայրիկն արգելել է նրանց ձեռք տալ, ասում է, որ այն ձմեռվա պաշարն է: Ախր, ես միայն մի փոքրիկ կտոր կկրծեմ…
Ի՜նչ համեղ է… Ապա վերադառնում եմ հարազատ տնակ, վերցնում եմ պայուսակս, նրա մեջ եմ գցում մի քանի ընկույզ և հասնում եմ Անտառային դպրոց: Թռիչք սոճուց` սոճի, և ահա, արդեն նստած եմ դպրոցական նստարանին: Ոչ մի բացահայտում էլ չկա, չկա և ոչ մի ճանապարհորդություն: Այդ դեպքում ինչի՞ մասին գրես:
Սկյուռը խլշտաց, ականջ դրեց, թվա՞ց, թե՞ իսկապես ինչ-որ տեղ մոտերքում հնչեց փայտփորիկի թակոցը: Հաստատ իր համադասարանցի Պետրոկն է: Ի՞նչ էլ հավես ունի, մինչ դասերի սկսվելը թմբկահարել ծառին: Լավ չէր` քներ: Առաջին դասը միայն մեկ ժամից է:
Պետրոկն այնպես էր տարվել աշխատանքով, որ չնկատեց, թե ինչպես ուղիղ գլխավերևի ճյուղին տեղավորվեց սկյուռը: Երբ փայտփորիկը դադարեց թակել, սկյուռը խոսեց.
– Շունչ առնեիր, հանգստանայիր, Պետրոկ: Ախր, մենք շուտով դասի ենք: Թե չէ, մեկ էլ տեսար կշփոթես և սովորության համաձայն նստարանը կթակես: Իսկ տան մասին հարազատ շարադրությունը, գրե՞լ ես:
– Ինչպես չես հասկանու՞մ, – զարմացավ փայտփորիկը, կտուցը խնամքով ծառաբնին մաքրելով: – Յուրաքանչյուր առավոտ սկսում եմ այսպիսի մարզանքով: Եվ ուղեղդ կթարմացնես, և դասերը դյուրին կմարսվեն:
Սկյուռը հոգոց հանեց: Աչքերով շուրջբոլորը կրակեց, պոչիկով թափ տվեց դեղնած տերևը, որն անձրևից հետո կպել էր ճյուղին: Ապա ուսից հանեց պայուսակը և այն ճյուղին հարմարեցրեց այնպես, որպեսզի չընկնի:
– Է՜հ, իսկ ինձ մոտ դժբախտություն է, Պետրոկ: Չեմ կարողանում Սև Արագիլի տված առաջադրանքը կատարել: Ոչ մի կերպ չեմ ըմբռնում ինչի մասին գրել: Իսկ դու արդեն արե՞լ ես: Փայտփորիկը քնքշորեն նայեց Ալյոնային և խոստովանեց.
– Ես էլ փետուրը թղթով տանելու վարպետ չեմ: Այն էլ այդպիսի դժվար թեմայով: Շնորհակալություն մայրիկիս, նա փրկեց: Պատմեց, թե ինչու՞ են մեր ցեղում բոլորն աշխատասեր:
Ամուր ճյուղից կախված իր պայուսակից Պետրոկը հանեց գեղեցիկ կանաչ տետրն ու սկսեց կարդալ.
“Իմ հայրենիքը Բելոռուսիան է: Իմ ազգակիցներից գրեթե ոչ մեկը, ոչ մի անգամ հեռու չի թռել այն վայրից, որտեղ բնավորվել է ընտանիքը: Բայց յուրաքանչյուրն էլ ցեղում գիտի, որ փայտփորներն ապրում են ամբողջ Բելոռուսիայում:
Այսպիսի մի լեգենդ կա, որովհետև կերակրողը չէր հանգստանում կիրակի, այլ աշխատում էր, փորելով խոռոչներ մեղուների համար, Աստված նրան փոխակերպեց մեծ, սև փայտփորի: Այդպես էլ իմ նախնիները դարձան թռչուններ: Բայց ունեն այն կերակրողի բնավորությունը: Օրեր շարունակ` և տոն, և սովորական օրերին, նրանք թակում են ծառերը, սարքում ընդարձակ փչակներ:
Տիրապետելով նոր բնակարանը` հինը թողնում են սկյուռներին, կզաքիսներին, այլ գազանիկներին ու թռչուններին, և իհարկե, նաև անտառային մեղուներին:
Իսկ սոճու անտառում, որը հնուց անվանում են Բլուժսկի, մենք ապրում ենք շատ հարյուրամյակներ: Կողքով հոսում է Սվիսլոչ գետը, այն իր ջրերով կտրել է անտառը: Գետի ձախ ափով տարածվում է խիտ կաղնու անտառը: Հորս հետ այնտեղ ընտրեցինք մի հին ծառ: Թակեցինք, և գտանք ավելի փափուկ, թակելուն հարմար տեղեր: Ստացվեցին խորը, փայտե բներ: Ապա այնտեղ տեղափոխեցինք հասած կաղինները: Որոնք պետք կգան ձմռանը: Այդ վայրից քիչ հեռու` Սվիսլոչի մեջ է թափվում Ժելեզինկա վտակը: Նրա կողքին, մի ժամանակ գտնվում էր Բերեզյանկա գյուղը: Պատերազմի ժամանակ գյուղի բոլոր տղամարդիկ գնացել են կռվելու գերմանացիների դեմ: Մնացել են կանայք, երեխաներն ու ծերունիները: Մի առավոտ գյուղի վրա հարձակվել են պատժիչ ջոկատները: Բոլորին տներից դուրս են քշել, ցախանոց խցկել, որը գյուղի ծայրին էր, ամուր փակել դռները, իսկ պատերը ծածկել ծղոտով: Գերմանացիներից ինչ-որ մեկը չխկացրել է լուցկին և ցախանոցը բռնկվել է կրակների մեջ: Մարդկանց գոռոցներն ու տնքոցները լցրել են անտառի ազատ տարածությունը: Բոլոր թռչունները վախեցած թռել, հեռացել են:
Մենք սիրում ենք խաղաղ վայրերը և աշխատում ենք շրջանցել մարդկային բնակավայրերը: Բայց մարդուց բոլորովին չես կարող հեռանալ: Եվ լավ է, երբ նա անտառի խելացի տեր է լինում, խնամում և անհանգստանում է ամեն ինչի համար, ով այնտեղ բնավորվում է: Հարկավոր է պահպանել անկյունը, որտեղ ծնվել ես: Այն փոքրիկ է, այդպես իմ մայրն է ասում, բայց և մեծ է: Որովհետև առանց նրա կյանք չկա, չես ապրի”:
Պետրոկը լռեց, իսկ Ալյոնկան հուզմունքից ոչ մի բառ չէր կարողանում արտասանել: Միայն անտառն էր աղմկում:
Սկյուռիկն առաջինը խախտեց լռությունը.
– Պետրոկ, դու լավ շարադրություն ես գրել: Եթե խոստովանեմ, անգամ ցանկացա արտասվել: Երբեք չեմ իմացել, որ մեր անտառում այդքան դեպքեր են պատահել:
Ճիշտ է, ինձ էլ է հաջողվել որոշ բաներ իմանալ այդ մասին, չէ որ շշուկներն իմ հարազատների մասին նույնպես թռչում են ճյուղից ճյուղ: Բայց, միթե՞ դա հետաքրքիր է որևէ մեկին` մեզանից բացի:
Փայտփորիկը պայուսակում զգուշությամբ տեղավորեց կանաչ, գեղեցիկ տետրը, ապա շրջվեց դեպի զրուցակիցը.
– Ալյոնկա, իզուր ես կասկածում: Մի՞թե հետքրքիր չէ իմանալ` ինչպե՞ս են ապրել ծնողներդ, ինչպե՞ս են բնավորվել այստեղ քո նախնիները: Իսկ ձեր սովորույթնե՞րը, գաղտնիքնե՞րը: Նրանք նման չեն մեր թռչնային սովորույթներին: Օրինակ, գիտե՞ս, որ փչակից թռցնել այն կաղինները, որոնք թաքցնում, պահեստավորում են սկյուռները ձմռան համար` չի կարելի: Ում բռնեն, նա առանց ատամ կմնա: Մինչև ծերություն: Եվ նրա ստամոքսն էլ անընդհատ կցավի:
– Ոչ, առաջին անգամ եմ լսում: Ահա թե ինչու՞ է մայրիկը թաքցնում կաղինները տարբեր վայրերում և այն էլ տանից հեռու: Ասել էր ինձ, որ այդպես լավ է, բայց գողերի մասին ոչինչ չէր ասել:
– Եվ, էլի, ինձ շատ անգամ է հաջողվել տեսնել, թե ինչպե՞ս են սկյուռները սունկ հավաքում: Դու կարողանու՞մ ես տարբերել կարմիր սունկն ասենք թունավոր սնկից – փայտփորիկը քննախույզ նայեց համադասարանցուն:
Ալյոնկան աշխուժացավ.
– Թեթև ու հանգիստ:
Սնկերը մեր ուտելիքն են:
Հատկապես սպիտակ սնկերը, կարմիր գլուխ սնկերը, շիկասնկերը: Ինչպես էլ նրանք թաքնվեն մեզանից թփերի ու ծառերի տակ, միևնույն է կգտնենք: Գուշակիր հանելուկը. “Փոքրիկ, ճարպիկ, գետնի միջով անցել է, կարմիր գլխարկ է գտել”:
Փայտփորը պտտեց գլուխը տարբեր կողմերի, ասես լուծումը ինչ-որ տեղ շուրջն էր:
– Կարմիր գլուխ, – ուրախ բացականչեց սկյուռը և քիչ մնաց գլխապտույտ ցատկեր ճյուղի վրա, որտեղ նստած էր: Բայց ժամանակին գլխի ընկավ, տխրեց և խնդրանքով դիմեց խելացի թռչունին:
– Պետրոկ, օգնիր շարադրությունը գրել: Ես տետր ու գրիչ էլ եմ բերել: Եվ տախտակ կա, և փոքրիկ նստարան: Թելադրիր, իսկ ես կգրեմ:
– Է՜, ոչ, սիրելիս,- փայտփորիկը թևերը լայն տարածեց ու հետո փակեց: Սկյուռի հետ զրույցը նրան արդեն ձանձրացնում էր:- Ինձ համար փչակ փորելն ավելի դյուրին է, քան քո փոխարեն գրելը: Դու ինքդ փորձիր: Ձեր ընտանիքի, ձեր սկյուռիկյան ցեղի մասին:
Իսկ, ո՞վ քո մորից ավելի լավ գիտի, նախնիներիդ մասին:
Ահա, նրան էլ հարցրու:
– Բայց, Սև Արագիլը… Չէ՞ որ նա այսօր է սպասում:
– Սիրելի Ալյոնկա, նրանից ներում խնդրիր: Ասա, որ շարադրությունը վաղը
կբերես: Իսկ, որպեսզի ուսուցիչը հավատա, պատմիր նրան, թե ի՞նչ պետք է հարցնես մայրիկիդ: Նա կհասկանա: Շարադրությունը կգրես երեկոյան: Քեզ այն կհաջողվի:
Սկյուռը հասկացավ, որ Պետրոկից այլևս ոչինչ հնարավոր չէ ստանալ: Բայց, չէ՞ որ նա ասաց ամենագլխավորը: Հարկավոր է շտապել մայրիկի մոտ: Գուցե, դեռ մինչ դպրոց գնալը կհասցնի նրան հարցեր տալ: Նա թափահարեց պոչով, լարեց աչքերը` չափելով մի սոճուց մյուսն ընկած տարածությունը, զսպանակվեց և արագ ցատկեց:
Ալես ԿԱՌԼՅՈՒԿԵՎԻՉ
Աղբյուր՝ Հայաստանի գրողների միության գրական կայք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում