Փաշինյանի թիվ մեկ առաջադրանքը՝ կառավարությանը

Փաշինյանի թիվ մեկ առաջադրանքը՝ կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարության առաջ խնդիր է դրել ամեն օր քննարկման դնել քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը վերաբերող որոշումներ:

Նրա խոսքով՝ գործադիրի այսօրվա նիստի հարցերի քննարկումն առանձնանում էր նրանով, որ կոնկրետ որոշումներ կայացրեցին, որոնց արդյունքում՝ Հայաստանի հազարավոր քաղաքացիների կյանքում լինելու է կոնկրետ փոփոխություն և նրանք իրենց վրա զգալու են իրենց կյանքի որակի փոփոխությունը:

«Ես ուզում եմ արձանագրել, որ սա պետք է լինի մեր գործունեության կարևորագույն ուղենիշներից մեկը: Այսօր ես աշխատակազմի ղեկավարի հետ առավոտյան քննարկման ժամանակ այդպիսի հանձնարարական եմ տվել՝ նաև այդ հանձնարարականը փոխանցել կառավարության անդամներին, որ ամեն օր մեր սեղանին դրված լինեն հարցեր, որոնց օրակարգի առաջին կետը պետք է լինի հետևյալը՝ հենց մեր համակարգերում ներկայացնենք որոշումների նախագծեր, որոնց արդյունքում կարող ենք արձանագրել, որ կոնկրետ մարդկանց կյանքում տեղի է ունենում կոնկրետ փոփոխություն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը և շարունակեց. «Մեր հիմնական նպատակը պետք է լինի այնպիսի որոշումներ կայացնելը, որոնց արդյունքում իքս թվով մարդիկ իրենց կյանքում կզգան՝ փոքր, մեծ միջին, էական չի, իրենց կյանքի, իրենց առօրյայի որակական, էական փոփոխություն»:

Այսպիսով, ըստ նրա, սա պետք է լինի կառավարության և նախարարների գործունեության ամենօրյա թիվ մեկ առաջադրանքը, որպեսզի այդ կարգավորումները լինեն իրենց հիմնական ուղենիշը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում