Պահպանել մշակույթի նախարարությունը, որպես լայն լիազորություն ունեցող, ինքնուրույն միավոր. քանդակագործ
Նմանատիպ
Գյումրու Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանի տնօրեն, քանդակագործ Արթուր Գևորգյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար՝ Նիկոլ Փաշինյանին, որտեղ մտահոգություն է հայտնում մշակույթի նախարարության միավորման հետ կապված և առաջարկում՝ պահպանել մշակույթի նախարարությունը, որպես լայն լիազորություն ունեցող, ինքնուրույն միավոր։
«Մամուլից տեղեկացանք, որ ՀՀ Կառավարությունը նախատեսում է բարեփոխումներ իրականացնել կառավարման ոլորտում՝ մասնավորապես միավորել մշակույթի, սպորտի և կրթության նախարարությունները մեկ նախարարության մեջ:
Հասկանալով ՀՀ առջև ծառացած դժվարությունները և առկա մարտահրավերները՝ փորձենք Ձեզ ներկայացնել մեր մտահոգությունըՙ կապված մշակույթի նախարարության միավորման հետ:
Մեր անկախության 30 տարիների ընթացքում, եթե երկիրը նոր էր ոտքի կանգնելու՝ ապա հազարամյակների մշակութային ժառանգություն ունեցողներիս համար, այս ոլորտում կատարվածը անշուշտ վերաիմաստավորվելու, ռազմավարական զարգացման հիմքներ գտնելու և անձ ու անհատի տիրույթից դուրս բերելու կարիքներ ուներ:
Կառավարության այսօրվա նախագիծը արդեն իսկ հանրության ստվար զանգվածի մոտ հարց է ծնել, թե՝ մեզ պետք է արդյո՞ք մշակույթի նախարարություն, թե ոչ ու պատասխանները հիմնականում պայմանավորվում են ոլորտի կառավարիչների այս կամ այն անձնական հատկանիշների՝ արածների ու չարածների հետ:
Մենք նախորդ պատմական հանգրվանում, երբ մոտ 700 տարի չունեինք պետականություն, չի խամրել մեր անտեսանելի բերդը՝մշակույթը, որը մեր պապերի միջոցով հասել է մեզ: Մշակույթը եղել է գիտակցություն և արժեք, որի թանկ առչհավատյան են մինչ այժմ պահպահնված պատմության ու մշակույթի կոթողները:
Անշուշտ համացանցում խնդիրն այսօր ունի լայն արձագանք և բոլորի մոտ հիմնական մտահոգությունը մշակույթի նախարարության նոր, հայեցակարգային զարգացումն է և անգամ լիազորությունների ընդլայնումը՝ մինչև հանրային մշակույթի, մշակութային քաղաքականությունների ձևավորումը, արտադպրոցական և նախաբուհական կրթության կազմակերպությունների կառավարումը:
Արտաքին աշխարհի՝ ամենօրյա գլոբալացման ու համահարթեցման պայմաններում, երբ մի կողմից անտեսանելի կերպով հարձակվում են մեր լեզվի ու ավանդույթների, մյուս կողմից հանրային ընկալման ու արժեհամակարգի վրա, մեզ որպես ազգ ու պետություն մնում է պաշտպանվել մեր անտեսանելի բերդով և առավել ընդլայնել այն:
Աշխարհում բազմաթիվ են հիմնավորումները, թե ինչու՞ է ազգերին պետք մշակույթը, իսկ մեր դեպքում, երբ ունենք 8 միլիոնանոց սփյուռք և մշակույթի հարյուրավոր կոթողներ այլ երկրներում, մշակույթի նախարարություն և լիազորված, ուժեղ կառույց ունենալը հիմնավորման անհրաժեշտություն չունի:
Հարգելի պարոն Փաշինյան.
Լիազորված եմ ընկերներիս անունից ՀՀ կառավարությանը առաջարկել.
– Պահպանել մշակույթի նախարարությունը, որպես լայն լիազորությու ունեցող, ինքնուրույն միավոր:
– ՔՀԿ մասնակցությամբ մշակել Մշակույթի նախարարության վերաիմաստավորման հայեցակարգ:
Պատրաստ ենք հնարավորինս ակտիվ մասնակցել առաջարկվող գործընթացների՝ հանուն մեր զավակների ու ապագա սերունդների:
Աղբյուր` Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում