Կարդում է Համո Սահայնը

Կարդում է Համո Սահայնը

1. ԵՐԵԽԱՅԻ ՊԵՍ

Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով, բարձին եմ նայում:

Ամենքի համար ամեն ինչ արել,
Նստել արածիս վարձին եմ նայում.
Գժված գլուխս ափիս մեջ առել,
Անցած օրերիս դարձին եմ նայում:

2. ԻՐԱՐ ՓՆՏՐԵՆ

Լուսաբացի թավշյա փեշով սրբեմ
Ծիր-կաթինոտ ճակատն իմ Սալվարդի,
Հոգնած իմ տարիքից չնեղսրտեմ,
Խմեմ պաղ ջուրն ու կաթն իմ Սալվարդի:

Ժամանակին, հողմին, հողին խնդրեմ,-
Որ բարձրանան սապատն իմ Սալվարդի
Եվ նախաստեղծ սիրով իրար փնտրեն
Խռով քարայծն ու մարդն իմ Սալվարդի:

3. ԲԱՑՎՈՂ ՕՐՎԱ ՀԵՏ

Բացվող օրվա հետ վեր թռան հանկարծ
Լույսի խտուտից զարթնած սարերը,-
Իրար շալակած սարը բարձրացան
Իրար պաղ ու շոգ շնչառությունից
Քրտնած սարերը:
Միջօրեի հետ շտկեցին իրենց-
Իրենց ինքնության խորք ու ձևերով-
Հեռացան քիչ-քիչ իրար հրելով,
Եվ բաժանվեցին դաշտ ու ձորերով
Իրար կռնակի կռթնած սարերը:
Թեքվող օրվա հետ թեքվեցին կարծես,
Ամպ ու ժպիտներ փոխանակեցին
Եվ մոտենալով սիրտ տվին իրար-
Իրար շվաքից խրտնած սարերը…
Իրիկնամտի մշուշների հետ
Իրար շալակած իջնում են սարից
Խուլ, խորհրդավոր, մթնած սարերը:

4. ԵՎ Ի՞ՆՉ է ՏՎԵԼ

Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,-
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը…
Իր քարափների համբերությունը,
Իր խղճի առաջ իր գերությունը,
Իր անդունդների տարողությունը,
Սեփական վերքերն ապաքինելու
Կարողությունը…
Իր սևահողի խոնավությունը,
Մասրենու փշոտ խոնարհությունը…
Ինքնաբաշխումի ուրախությունը,
Ինքնամերժումի խիզախությունը,
Ինքնության պատիվն ու թանկությունը,
Ինքն իր մեծությամբ չպարծենալու
Երջանկությունը…

1.Երեխայի պես
2.Իրար փնտրեն
3.Բացվող օրվա հետ
4.Եվ ինչ է տվել
5.Այս քարանձավներն
6.Հրամայեք
7.Չարչարանքիս գինը
8.Պտուղդ քաղող չկա
9.Ես շատ եմ քնել
10.Ամեն ինչից
11.Աչքս անտառից
12.Առանց որոտալու
13.Բայց ու՞ր տանի
14.Պահիր
15.Գուցե հենց այստեղ
16.Կածանն ինձ տաներ
17.Սարահովիտ
18.Տար ինձ ժամանակ

Հետևեք մեզ նաև Telegram-ում