21-րդ դարում Հայաստանի համայնքային գրադարաններում անգամ մեկ համակարգիչ չկա․ Մադլեն Հովսեփյան
Նմանատիպ
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գիտքարտուղար
Մադլեն Հովսեփյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Համայնքային գրադարանների ներկան եւ ապագան. զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
21-րդ դարը տեխնոլոգիական դար է , ավտոմատացման ծրագրերից են խոսում, իսկ Հայաստանի համայնքային գրադարաններում անգամ մեկ համակարգիչ չկա: Գյուղական գրադարաններ կան, որ տարվա մեջ անգամ մեկ գրքով չեն համալրվում: Ելքային գրականությունը ավելի շատ է, քան՝ մուտքայինը: Մաշված գրականությունը դուրս է գալիս շրջանառությունից, նոր գրքեր չեն ստացվում: Նախկինում շատ լավ ֆոնդեր են ունեցել գրադարանները եւ այսօր մենք միայն դրա հաշվին ենք կարողանում շարունակել աշխատել: Բայց այդ գրքերը արդեն շատ հնամաշ են, ուզում ես դարակից հանել՝ մասնատվում է: Այս խնդիրների լուծման համար ֆինանսական ներդրումներ ու լուրջ մոտեցում է պահանջվում: 21-րդ դարում ենք ապրում, բայց գրադարանավարները ընթերցողական թերթիկները թելը ու ասեղով են կարում: Իսկ գրադարանները կենդանի օրգանիզմ են…
Տարիների ընթացքում կրճատվել է եւ գրադարանների թիվը, եւ գրադարանավարների հաստիքները: Էական է նաեւ կադրերի հարցը, մասնագիտական կրթություն չունեցող մարդը ինչպե՞ս կարող է այդ գործով զբաղվել: Ես շատ եմ շփվում տարբեր գրադարանների աշխատողների հետ եւ տեսնում եմ մի խնդիր եւս, շատ գյուղապետեր, քաղաքապետեր իրենց ծանոթներին են ընդունում աշխատանքի, կիսում են հաստիքը: Մարդիկ 26 հազար դրամ են ստանում ընդամենը, ի՞նչ պահանջես այդ մարդուց: Համայնքներ կան, որ կես դրույքով աշխատող են պահում: Գրադարանավարը մինչեւ օրվա կեսն է աշխատում, այդ մոտեցմամբ ինչպե՞ս կարելի է գրադարան պահել, ընթերցող ունենալ:
Կարեւոր է, նաեւ, որ գրադարանի աշխատանքները լուսաբանվեն: Չունենք որեւէ լուսաբանող օղակ: Վերջերս մենք Միջազգային գրադարանների ասոցիացիայից մի ձեւաչափ էինք ստացել, որտեղ հարց կար՝ արդյոք դուք ունե՞ք գրադարանին վերաբերող հարցերը լուսաբանող որեւէ թերթ: Միակ օղակը, որ կարող էինք բռնվել «Բանբեր Հայաստանին» էր, որը տարին մի քանի անգամ է առցանց լույս ընծայվում…
Գրադարանների եւ հատկապես համայնքային գրադարաններին վերաբերող հարցերը շատ են, խնդիրները՝ բազմազան: Համակարգային լուծումների անհրաժեշտություն կա: Առաջնահերթ լուծումը Հայաստանի մշակութային քաղաքականության ձեւավորումն է: Ընդգծում եմ՝ ձեւավորումը, ոչ թե ամրապնդումը: Կամ գրադարանները պետք է մշակույթի նախարարության ենթակայության տակ լինեն, կամ ՏԻՄ-երը, որոնց ենթակայության տակ են այսօր համայնքային գրադարանները, պետք է ուժեղ լինեն ու ճիշտ քաղաքականություն վարեն:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական- վերլուծական խումբ
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում