Էրեբունի ամրոցի պեղումների արդյունքները խիստ կարևոր նշանակություն ունեն
Նմանատիպ
Էրեբունի ամրոցի, այսպես կոչված, Կարասային սրահում դեկտեմբերի 2-ից պեղումներ է իրականացնում Էրեբունու հնագիտական արշավախումբը: Արշավախմբի ղեկավարը «Էրեբունի» պատմահնագիտական-արգելոց թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանն է:
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի կայքից տեղեկանում ենք, որ պեղումները կենտրոնացվել են Կարասային սրահի կենտրոնական հատվածում: Նախորդ տարի այստեղ ֆիքսվել էր պատ և պիլլոններ, որոնք կարծես թե չեն ընդկգրկվել Էրեբունի ամրոցի խորհրդային ժամանակաշրջանի հատակագծերում: Պեղումները ցույց են տալիս, որ տարածքը մեծապես խաթարվել և վնասվել է խորհրդային ժամանակաշրջանում արված աշխատանքների ժամանակ: Չնայած այս հանգամանքին՝ մեկ անգամ ևս հաստատվեց արշավախմբի այն ենթադրությունը, որ Կարասային սրահի հարավային հատվածի կենտրոնում եղել են պատ և պիլլոններ:
Հայտնաբերվել է մեկ այլ խաթարված պատի հետք, որը միանում է Կարասային սրահի կենտրոնական և արևմտյան պատերին: Ըստ երևույթին, այս տարածքում կարասները տեղադրվել են ուշ փուլում՝ հավանաբար ուշուրարտական կամ հետուրարտական ժամանակաշրջաններում: Չնայած այն հանգամանքին, որ պեղումներն արվում են փոքր ծավալով, այնուամենայնիվ դրանց գրանցած արդյունքները խիստ կարևոր նշանակություն ունեն և մեծապես փոխում են մեր պատկերացումները Կարասային սրահի մասին՝ մեկ անգամ ևս փաստելով , որ խորհրդային ժամանակաշրջանում Էրեբունի ամրոցին վերաբերող բազմաթիվ մեկնաբանություններ և հատակագծեր կարիք ունեն վերանայման:
Աղբյուր` Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում