«Զինվորի մայր»-ը հերքում է. իրենք որեւէ կապ չունեն զինվորի դին Երեւան բերելու հետ

«Զինվորի մայր» ՀԿ նախագահ Անահիտ Հովնանյանն այսօր հայտարարություն է տարածել’ անդրադառնալով այն մտքին, որ իրենց կազմակերպությունն է համոզել բանակում զոհված Լյուքս Ստեփանյանի ծնողներին զինվորի դին տեղափոխել Երեւան: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Մեր կազմակերպության 22-ամյա գործունեության ընթացքում՝ Արցախյան պատերազմի տարիներից մինչ օրս, մենք մշտապես գործել ենք ի շահ բանակում ծառայողների իրավունքների պաշտպանության և կարգուկանոնի հաստատման: Սակայն վերջին օրերին մամուլում և լրատվական տարբեր կայքերում տարածում է գտել իրականության հետ ոչ մի առնչություն չունեցող «ինֆորմացիա»՝ իբրև թե Տավուշի մարզի զորամասերից մեկում սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորման հետաձգման ու նրա դին Երևան տեղափոխելու, բողոքի ակցիա կազմակերպելու հարցում ծնողներին դրդել է մեր կազմակերպության ներկայացուցիչը:

Ինքս մայիսի 15-18-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել եմ Ուկրաինայի Կիև քաղաքում ԱՊՀ իրավապաշտպան կազմակերպությունների միջազգային հանդիպմանը, ինչպես նաև Ուկրաինայի բարձրաստիճան զինվորականների հետ կազմակերպված քննարկմանը այլընտրանքային ծառայության վերաբերյալ, իսկ վերոնշյալ դեպքի մասին տեղեկացել եմ միայն վերադառնալուս օրը:
Իմ և «Զինվորի մայր» ՀԿ-ի անունից պաշտոնապես հերքում եմ այդ տեղեկությունը և բացառում մեր կազմակերպության որևէ տիպի մասնակցությունը այդ օրվա իրադարձություններին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում