Վրթանես եպիսկոպոս. Զինված ուժեր և եկեղեցի փոխհարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են (Տեսանյութ)

Այսօր զինված ուժեր և եկեղեցի փոխհարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են: Panorama.am-ի փոխանցմամբ` նման գնահատական  է հնչեցրել ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

«Հոգևոր սպասավորները կարողանում են կատարել այն պարտականությունները, որոնք հաստատված են կանոնադրությամբ: Նրանք կատարում են այն ամենը ինչը հարիր է մեր եկեղեցուն ևամրագրված է օրենքով»,-ասել է Եպիսկոպոսը:

Նրա կարծիքով, դժվար կլինի բոլոր զորամասերն ապահովել հոգևոր սպասավորներով, սակայն այսօր այն բոլոր զորամասերից, որտեղ կան հոգևորներ, ստանում են դրական արձագանքներ:

Հոգևորականը նկատեց, որ շփման գծի բոլոր մարտական հենակետերում զինվորներն իրենց ձեռքով կառուցել են սրբատեղիներ, մատուռներ, խաչքարեր:

«Մենք որևիցե խոսք չենք ասում, զինվորներին, թե դա չի համապատասխանում եկեղեցական կամ մշակութային չափանիշներին: Ընդհակառակը մենք խոնարհվում ենք նման զինվորների առաջ, որովհետև նրանք առաջին հերթին մտածում են, որ իրենց անվտանգությունը կախված է Աստծուց»,-ասել է հոգևորականը:

Նրա դիտարկմամբ, բանակում տիրում է օրենքը:
«Արդեն 8 տարի է’ ես այս կառույցի ղեկավարն եմ, 8 տարի էլ եղել եմ արցախյան թեմում: Բանակի և ներսը, և դուրսը ես շատ լավ գիտեմ: Ես տեսնում եմ նրա զարգացումը»,-ասել է հոգևորականն ու անդրադարձել Նոյեմբերյանում վերջերս տեղի ունեցած միջադեպին, երբ զինվորներից մեկը սպանվել էր, մեկը վիրավորվել:

«Խոսքը հզոր ուժ է, եթե համեմված է հայհոյանքներով, ավելի վտանգավոր է դառնում»,-ասել է հոգևորականը:

Եպիսկոպոսին Նոյեմբերյանի զորամասի սպասավորը տեղեկացրել է, որ թե սպանված, թե վիրավորված, թե սպանող զինվորը կարգապահ ծառայողներ են եղել:

«Իրենք ծառայության մեջ նորմալ են: Անգամ կրակող զինվորը լավ կրակող էլ չի եղել»,-ասել է բանախոսը, նշելով, որ այդ ամենը եղել է սատանայի դրդմամբ:
Եպիսկոպոսն այն կարծիքին է, որ կողքից պետք է քիչ միջամտել բանակի գործերին, քանի որ դա խանգարում է բանակաշինության գործին:

«Այսօր բանակի առաջնորդը շատ գիտակից անձնավորություն է, շատ լավ է հասկանում բանակը, լավ, մտավորական մարդ է: Այսօր եթե մենք խանգարում ենք սպային, հրամանատարին, այդ կերպ շեղում ենք նրան պարտականությունից»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում