ԵԽԽՎ-ն ունի բոլոր հնարավորությունները երկու կողմերին հաշտեցնելու համար. ԵԽԽՎ նախագահը` ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ

2013թ-ը կարող է բեկումնային լինել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Panorama.am- վկայակոչելով «Ապա» լրատվական գործակալությանն հայտնում է, որ նման հայտարարությամբ հանդես է եկել պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը:

«Մեզ թվում է, որ 2013թ-ը կարող է բեկումնային լինել, քանի որ Հայաստանին և Ադրբեջանին հստակ քայլեր ձեռնարկելու հնարավորություն է ընձեռվելու. Հայաստանը և Ադրբեջանը նախագահելու են Եվրոպայի Խորհրդի Նախարարների հանձնաժողովում: Իսկ Նախարարների հանձնաժողովի ստեղծման գլխավոր նպատակներց մեկը հակամարտությունների կանխարգելումն ու առկա հակամարտությունների կարգավորումն է: Ցանկանում եմ նշել, որ այս առումով Հայաստանին ու Ադրբեջանին այս տարի հնարավորություն է ընձեռվել: Նրանք պետք է օգտվեն այդ հնարավորությունից, գնահատեն պատմական այդ պահը և հստակ քայլեր ձեռնարկեն հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»,- նշել է Ժան-Կլոդ Մինյոնը:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, համեմատություն անցկացնելով հայ-ադրբեջանական և ֆրանս-գերմանական հարաբերությունների միջև, վկայակոչել է 1963թ. հունվարին Ֆրանսիայում’ Ելիսեյան պալատում Փարիզի և Բեռլինի միջև կնքվեծ Ֆրանս-գերմանական համագործակցության համաձայնագիրը:

«2013-ը նշանավոր տարեթիվ է. 50 տարի առաջ ստորագրվեց Ելիսեյան համաձայնագիրը, որը վերջ դրեց Ֆրանսիայի և Գերմանիայի հակամարտությանը: Ելիսեյան համաձայնագրի 50-ամյակի կապակցությամբ Հայաստանը և Ադրբեջանը ևս կարող են խաղաղության համաձայնագիր կնքել: ԵԽԽՎ-ն ունի բոլոր հնարավորությունները երկու կողմերին հաշտեցնելու համար»,- նշել է Ժան-Կլոդ Մինյոնը:

Բանախոսը շեշտել է այն իրողությունը, որ 2013-2014թթ-ին Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ Նախարարների հանձնաժողովի նախագահության ստանձնումը փայլուն հնարավորություն է ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկելու համար:

«Նստաշրջանների, ինչպես նաև այլ հանդիպումների ժամանակ ես աշխատում եմ հանդիպել ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների ղեկավարներ հետ, նրանց հետ լրջորեն քննարկել ԼՂ հարցը: Բացի այդ, ես մշտապես կապ եմ հաստատատում ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահի հետ և նրանից տեղեկություն ստանում բանակցությունների ընթացքի վերաբերյալ»,- հավելել է ԵԽԽՎ նախագահը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեութանը, վերջինս հայտարարել է, որ այս մարմնի գործունեությունը դադարեցված է: «Լեռնային Ղարաբաղի հարցերով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեութունը դադարեցված է, և մենք այժմ մտածում ենք ենթահանձնաժողովի փոխարեն նոր ձևաչափ գտնելու ուղղությամբ»,-նշել է է Ժան-Կլոդ Մինյոնը:

Հիշեցնենք, որ Մինյոնը պաշտոնական այցով Բաքու է ժամանել մայիսի 26-ին: Այցի շրջանակներում արդեն կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նրա հանդիպումը: Մայիսի 28-ին Մինյոնը Ադրբեջանից մեկնելու է Վրաստան (մայիսի 28-29), ապա ժամանելու է Հայաստան: Մայիսի 31-ին Ժան-Կլոդ Մինյոնի մասնակցությամբ և Հայաստանի նախագահությամբ մայրաքաղաք Երևանում կանցկացվի ԵԽԽՎ Նախարարների մշտական հանձնաժողովի նիստը:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 123-րդ նիստի ընթացքում Հայաստանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը: Հայաստանը ԵԽ նախարարների հանձնաժողովում նախագահելու է մինչև այս տարվա նոյեմբեր, որից հետո նախագահությունը փոխանցվելու է Ավստրիային: Արդեն 2014թ.-ի մայիսից ԵԽ նախարարների հանձնաժողովի նախագահությունը ստանձնելու է Ադրբեջանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում