ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մայիսի 26-ին հանրապետության գյուղական 7 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները:

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքային և Արմավիրի մարզի Վարդանաշեն, Կոտայքի մարզի Նուռնուս, Շիրակի մարզի Ախուրիկ գյուղական համայնքների բնակիչներն ընտրել են համայնքի ղեկավարի, իսկ Լոռու մարզի Լեջան, Գեղարքունիքի մարզի Արծվանիստ ու Սեմյոնովկա գյուղական համայնքներն` ավագանու անդամների:

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարել են չորս թեկնածուներ, որոնցից ամենաշատ քվեները ստացել է Արթուր Մանուկյանը` 296 ձայն: Ձայների մեծամասնությամբ երկրորդ տեղը 116 ձայնով զբաղեցրել է Հայկ Սահակյանը: 83 եւ 27 ձայն էլ համապատասխանաբար հավաքել են Աշոտ Հայրապետյանն ու Գրիգոր Սահակյանը:

Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարել են երկու թեկնածուներ: Ձայների բացարձակ մեծամասնությամբ այս համայնքում նախնական` 253 ձայնով հաղթել է Մնացական Գեւորգյանը: Մյուս թեկնածու Ոսկանյան Վանիչկայի օգտին քվեարկել է 10 մարդ:

Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր 2 թեկնածու: Այս մարզում եւս քվեների բացարձակ մեծամասնությամբ` 3758 ձայնով, հաղթող է ճանաչվել Գագիկ Մաթեւոսյանը: Մյուս թեկնածուն` Նազարյան Շուշանիկը, հավաքել է ընդամենը 535 ձայն: Լոռու մարզի Լեջան համայնքի ավագանու ընտրություններում առաջադրվել էր 5 թեկնածու, որոնցից ամենաշատ ձայները հավաքել է Գարիկ Գեւորգյանը` 132 ձայն: Երկրորդ տեղում Սիսակ Մարտիրոսյանն է` 44 ձայն: Երրորդ տեղում մեկ ձայնի տարբերությամբ Մաճկալյան Աշոտն է` 43 ձայն: Չորրորդ եւ հինգերորդ տեղերն էլ 38 եւ 41 ձայներով համապատասխանաբար զբաղեցրել են Սախլյան Ռոբերտն ու Սաքանյան Ռոբերտը:

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ավագանու անդամության ընտրություններում պայքարել է ինը թեկնածու: Նրանցից ամենաշատ ձայները հավաքել է Գեւորգյան Գեղամը` 77 ձայն: Նույն մարզի Սեմյոնովկա համայնքում ավագանու անդամության ընտրություններում առաջադրվել է 6 թեկնածու: Ձայների չնչին տարբերությամբ նախնական տվյալներով 27 ձայնով հաղթել է Արսեն Մկրտչյանը:

Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարել են Վարդիթեր Գասպարյանն ու Սարգիս Սարգսյանը: Ախուրիկ համայնքը միակ համայնքն է, որտեղ նախնական արդյունքներով հաղթել է 317 ձայն հավաքած կին թեկնածուն: Սարգսյան Սարգսի օգտին քվեարկել է 176 մարդ: Թեկնածուների առաջադրումը մեկնարկել էր ապրիլի 21-ին: Թեկնածուների գրանցումն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կատարվել է ապրիլի 26-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում