Ոստիկանությունը 11 մլն դրամ կփոխանցի օգնության հիմնադրամին` արմավիրցիներին աջակցելու նպատակով

Հայաստանի ոստիկանությունը Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին աջակցելու նպատակով 11 մլն դրամ կփոխանցի Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին:

Ինչպես հայտնել է Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, գումարը համապատասխան հաշվեհամարին կփոխանցվի տոներից հետո’ առաջին իսկ աշխատանքային օրը:

Նա նշել է, որ դրամահավաքը կամավորության սկզբունքով է իրականացվում եւ որոշ ստորաբաժանումներում դեռ շարունակվում է:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենատ Վլադիմիր Գասպարյանը հանդիպել էր Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների գյուղապետերի եւ մարզային ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների հետ: Վլադիմիր Գասպարյանը նշել էր, որ ոստիկանությունը նույնպես կաջակցի անմասն չի մնա բնական աղետից տուժած հողագործների խնդիրների լուծմանը:

ՀՀ կառավարությունից մայիսի 24-ին հայտնել էին, որ ի կատարումն Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղերի բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության, Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր անդամները, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության բոլոր մարզպետները՝ իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին: Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին աջակցելու նպատակով գումար կարող են փոխանցել բոլոր ցանկացողները:

Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամ
Կոնվերս Բանկ

1930047127690100 /դրամ/

1930047127690101 /դոլար/

Հետևեք մեզ նաև Telegram-ում