Եվ ուրիշ ոչի՞նչ
Նմանատիպ
Ձորից թռչելիս,
Ժայռից ցատկելիս,
Որպես կենդանի – շնչող արարած,
Նա խեղանդամվում
Ու տնքտնքոցով քարշ տալով ոտը՝
Փոշի է հանում ճանապարհներին…
-Իսկ մենք պարզապես կոչում ենք… քամի՛.
Եվ ուրիշ ոչի՜նչ:
Նա էլ, մարդու պես,
Ունի ամոթի զգացումը նույն,
Դրա համար էլ
Հագուստ է գործում խոտից ու թփից,
Որպեսզի ծածկի իր մերկությունը…
– Մենք ընդամենը կոչում ենք… առո՛ւ,
Եվ ուրիշ ոչի՜նչ:
Առասպելական հսկա մարջաններ,
Որ վզնոց դարձած՝
Զուգում են վիզը պատըշգամբների,
Մի բան էլ ավե՜լ –
Ունեն համ ու հոտ…
-Իսկ մենք կոչում ենք… պղպե՛ղ կամ տաքդե՛ղ.
Եվ ուրիշ ոչի՜նչ:
Զուգված ավազի դեղին կապրոնով
Եվ անձեռագործ նեյլոնով կանաչ՝
Հնչեցնում է նա իր ջինջ սոպրանոն…
– Իսկ մենք պարզապես կոչում ենք… աղբյո՛ւր.
Եվ ուրիշ ոչի՜նչ:
Մի մե՜ծ, երփներանգ յուղաներկ կտավ,
Որ ժամեր հետո փոխվում է հանկարծ
Սև ու միագույն խորանկարի…
Եվ ուրիշ ոչի՜նչ:
Հրա՜շք իսկական,
Կոչում ենք… գլուխ:
Լեցուն գաղտնարա՜ն,
Անվանում ենք… սիրտ:
Մի քայլող աշխա՜րհ,
Մարդ ենք հորջորջում…
Եվ… վա՜յ ինձ ու ձեզ.
Այսքանից հետո
Մենք մեզ կոչում ենք նաև… բանաստե՜ղծ…
18.XII.1959թ. Թիֆլիս
Պարույր ՍԵՎԱԿ
Հետևեք մեզ նաև Telegram-ում