Արփինե Հովհաննիսյան.«Օրենսդրական նախաձեռնության առաջարկ՝ ներման հրապարակայնության մասով»
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, Facebook: Օրենսդրական նախաձեռնության առաջարկ՝ ներման հրապարակայնության մասով
Ամփոփելով ներման գործընթացի հրապարակայնության վերաբերյալ իմ էջում արված հարցման արդյունքները՝ 82% ՝այո եւ 18%՝ ոչ, ինչպես նաեւ այս օրերին շարունակվող քննարկումները եւ տարբեր դիրքորոշումները՝ պարզ է դառնում, որ հասարակությունը պետք է հնարավորություն ունենա իմանալ՝ ինչ պայմաններում, ինչ չափանիշների հիման վրա է կոնկրետ անձին ներում շնորհվել։ Ասվածը ամենեւին չի նշանակում, որ ներման ողջ գործընթացը պետք է լինի հրապարակային, այլ այն, որ ներման գործընթացի որոշակի փուլում տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հանրությանը։
1. Գործընթացի սկզբնական եւ միջանկյալ փուլերում հրապարակայնությունը կարող է ազդել վերջնական որոշման կայացման անաչառության վրա , այդ իսկ պատճառով կարծում եմ՝ ներման վերաբերյալ տեղեկատվությունը պետք է հրապարակվի վերջին փուլում, այսինքն՝ երբ նախագահը որոշում է ներում շնորհել կամ մերժել ներումը։ Ընդ որում՝ հրապարակայնեցնելով որ փուլում որ մարմինը ինչ որոշում է կայացրել։ Այս պարագայում մի կողմից որեւէ ճնշում չի կարող գործադրվել ներման գործընթացի մեջ ներգրավված անձանց նկատմամբ, քանի որ պահպանվում է գաղտնիությունը, մյուս կողմից էլ այդ անձինք կգործեն ավելի հաշվետու կերպով, քանի որ կիմանան, որ իրենց որոշման մասին ի վերջո հասարակությունը տեղեկանալու է։
2. Սրա հետ մեկտեղ տուժողների եւ նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ է սահմանել ընթացակարգեր ներման գործընթացի սկզբնական կամ միջանկյալ փուլերում նրանց դիրքորոշումը լսելի դարձնելու համար։
Օրինակ` սահմանվի ներման գործընթացի վերաբերյալ տուժողին իրազեկելու ընթացակարգեր` միեւնույն ժամանակ ամրագրելով, որ տուժողը քրեական պատասխանատվության ուժով չի կարող հրապարակել ներման մասին տեղեկատվություն մինչեւ վերջնական որոշման կայացումը՝ ամեն տեսակ ազդեցությունից խուսափելու համար։ Այս համատեքստում ավելորդ չի լինի պետության կողմից «հաշտեցնող արդարադատության» մեխանիզմների կիրառման հիմքեր ստեղծելը:
Կարծում եմ՝ նման կարգավորումները կվերացնեին այն մտահոգությունները եւ հարցերը, որոնք այսքան բարձրաձայնվում են վերջին օրերին։Հաշվի առնելով հարցի կարգավորման վերաբերյալ լայն հանրային պահանջը՝ ես պատրաստ եմ տրամադրել օրենքում փոփոխությունների ամբողջական նախագիծ այն պատգամավորներին, որոնք կցանկանան հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ։
Հ.Գ. Ըստ էության ես այս առաջարկը արել եմ նաեւ նախկինում (բոլոր այն անձանց համար, որոնք զարմանում էին, թե ինչու եմ ես հիմա այս հարցին անդրադառնում)։
Հարցը այս պահին սրվեց ու դարձավ արդիական։