Հայաստանը Չինաստանի ավանդական գործընկերն է. ՉԺՀ Պետխորհրդի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հայաստանը Չինաստանի ավանդական գործընկերն է. ՉԺՀ Պետխորհրդի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է. «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Չինաստանի համար Հայաստանը բարեկամական համագործակցության ավանդական գործընկեր է: Վերջին տարիներին հայ-չինական հարաբերություններում պահպանվում է առողջ և կայուն զարգացման դինամիկա, շարունակաբար ամրապնդվում է քաղաքական փոխվստահությունը, շոշափելի արդյունքներ են ձեռք բերվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման գործում: Պատրաստ եմ պահպանել Ձեզ հետ սերտ աշխատանքային շփումներ և ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների անշեղ զարգացման, բոլոր ոլորտներում գործնական համագործակցության ամրապնդման համար՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Ցանկանում եմ Ձեզ նորանոր հաջողություններ այս բարձր պետական պաշտոնում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում