Շոտլանդիայում ապրիլի 24-ը հռչակվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Մայիսի 23-ին Շոտլանդիայի խորհրդարանը 65 կողմ ձայնով Հայոց ցեղասպանության տարելիցը նշելու մասին բանաձև է ընդունել: Ինչպես տեղեկացնում է Aravot.am-ը, այդ մասին հայտնում են Շոտլանդիայում բնակվող Հակոբ Բեսոսը և Հարի Հակոբյանը:

Բանաձևը խորհրդարան էր ներկայացրել Շոտլանդիայի Ազգային կուսակցության պատգամավոր Մարկո Բիաջին (լուսանկարում) ապրիլի 18-ին: Շոտլանդիայի խորհրդարանի պաշտոնական կայքում նշված է, որ բանաձևում խորհրդարանն ամրագրում է, թե ապրիլի 24-ը 1915թ. Օսմանյան կայսրության կառավարության կողմից հայ մտավորականների ձերբակալության օրն է, որը համարվում է բռնի տեղահանությունների և արտաքսումների սկիզբը, ինչը ութ տարի շարունակ իրականացված ցեղասպանության ժամանակ հանգեցրեց հարյուր հազարավոր հայերի մահվան: Հայոց ցեղասպանության ողբերգությունը բոլոր ազգերի ներկայացուցիչներին դադար առնելու և մտորելու առիթ է տալիս: Խորհրդարանը որոշում է հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը, ճանաչել այս և մյուս ցեղասպանությունները. ողբերգություններ, որոնք երբեք չպետք է կրկնվեն աշխարհի ցանկացած կետում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում