Ռեժիսորը` նախարարության եւ թատրոնի փոխհարաբերության մասին. «Մամա ջան, գուցե ինձ կերակրեի՞ր»
Նմանատիպ
«Ցանկացած քաղաքացի, երբ ազատվում է աշխատանքից, պետք է պատշաճ կերպով ծանուցվի, ես առ այս պահը մշակույթի նախարարությունից չունեմ ազատման հրաման, այդ պատճառով տեղեկացված չեմ եղել, որ ազատված եմ աշխատանքից»,- հունվարի 17-ին «Ազդակ» ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը:
Նա ասաց, որ նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ զրույցում խոսել են այն մասին, որ առաջիկայում մրցույթ է լինելու, իրեն առաջարկել են գնալ-աշխատել մինչեւ մրցույթի հայտարարումը, իսկ ծանուցումն էլ 10 օր առաջ են իրեն հանձնել:
Գայանե Կարապետյանի ձեւակերպմամբ, խախտվել են իր իրավունքները. «Լիլիթ Մակունցն է ստորագրել իմ չշարունակման հրամանը, փոխնախարար Նազենի Ղարիբյանն էլ ասել է, որ հները չպետք է շարունակեն»:
Նա հեգնանքով հավելում է. «Նազենի Ղարիբյանին պետք է շնորհակալություն ասեմ, որովհետեւ բոլոր լրատվամիջոցները պարբերաբար գրում էին, թե նման թատրոն չկա, թղթի վրա թատրոն է, հիմա բոլորը մեր թատրոնը գիտեն»:
Գայանե Կարապետյանը պնդում է, որ երբ 2010-ից է ընդունել թատրոնը, այն որեւէ գույք չի ունեցել, բայց հանուն իրենց կատարած ներդրումների որոշել են մնալ ու աշխատել, արել են 7 ներկայացում, որոնք պահանջված են. «Դրանք ցուցադրվել են ՀՀ մարզերում, սահմանամերձ գոտում, Ստեփանակերտում, Ստանիսլավսկու եւ Սունդուկյան թատրոններում»:
Թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամվել Սարգսյանն էլ նշեց, որ արձակուրդային օրերին փոխնախարարը ոստիկանության ներկայությամբ է բացել թատրոնի դռները, իր խոսքով տեղավորվել ու ասել` տվեք մեր կնիքը. «Մեր զբաղեցրած տարածքը եղել է կաթսայատուն, որը սարքվել է ամբողջ կոլեկտիվի ուժերով, եւ հիմա ինչ-որ մեկը որոշել է ինչ-որ մեկի հրամանով ներս մտնել ու տիրանալ…Մշակույթի նախարարությունը մինչ այդ երբեւէ մտե՞լ էր այդ թատրոն»:
Նա նախարարության եւ իրենց թատրոնի փոխհարաբերությունն այսպես է բնորոշում. «Դա նման է նրան, որ փոքր երեխան ասի` մամա ջան, գուցե ինձ կերակրեի՞ր, մայրն էլ ասի` ես հիմա քո ժամանակը չունեմ, զբաղված եմ»
Հիշեցնենք, որ Գայանե Կարապետյանի պայմանագիրը չի շարունակվել, իսկ նրա փոխարեն թատրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Լիլիթ Փալանջյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում