ԱԳՆ. «Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամ է և միշտ իր մասնակցությունն է բերում կազմակեպության միջոցառումներին»

Վաղը’ մայիսի 28-ին, Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայանալու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու նշված գագաթաժողովին: Ինչպես  Panorama.am լրատվական կայքին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, Բիշքեկում կայանալիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովում դաշինքի անդամ երկրները քննարկելու են Կենտրոնական Ասիային առնչվող խնդիրներ: 

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այս պահին գտնվում է Բիշքեկում և այսօր մասնակցել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին:

Պատասխանելով Panorama.am-ի հարցին` Բալայանը մասնավորապես ասել է.

«Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր և ակտիվ անդամ է և միշտ իր մասնացությունն է բերում կազմակեպության բոլոր միջոցառումներին։ Այս անգամ ևս արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը մասնակցեցին մայիսի 27-ին Ղրղզստանի մայրաքաղաքում կայացած ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների առանձին հանդիպումներին և ապա նաև’ համատեղ նիստին։

Մայիսի 28-ին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը ինչպես նշված է ՀԱՊԿ կայքում, նվիրված է կենտրոնասիական խնդիրների քննարկմանը։

Հայաստանի Նախագահը չի մասնակցելու այդ հանդիպմանը, քանի որ մայիսի 28-ին Հայաստանում նշվում է Հանրապետության օրը և այդ կապակցությամբ նախատեսված են մի շարք միջոցառումներ պետության ղեկավարի մասնակցությամբ»։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, որին քննարկվել են կազմակերպության անդամ երկրների անվտանգության սպառնալիքներին հակազդելու մեխանիզմների կատարելագործման հարցերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում