Եղել են դագաղ բռնող, Ա տղամարդ, Բ տղամարդ, Ճ կին

Եղել են դագաղ բռնող, Ա տղամարդ, Բ տղամարդ, Ճ կին

Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնը դատերի ու խարդավանքների մեջ է

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոնում կրքերը շարունակվում են լարված մնալ: Թատրոնին դատի են տվել գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանը եւ նույն թատրոնի դերասաններից Անահիտ Բադալյանի ուսանող դուստրը` Էլեոնորա Հայրապետյանը, որը փորձել է կուրսային բեմադրություն անել, սակայն չի հաջողել:

Թատրոնի դերասաններից Սամվել Ղազարյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Թատրոնը 2 հայցով դատարանում է, մեր կարծիքով՝ հանիրավի, առաջին հայցը ուսանողուհու` Էլեոնորա Հայրապետյանինն է, որը եկել էր բեմադրություն անելու 6-ամյա փորձաշրջանով, 4 ամիս փորձելուց հետո, բնականաբար, ոչ մի արդյունք չի եղել, եւ 2 ամիս շուտ նախկին տնօրենն ազատել է աշխատանքից: Սա պատճառ է հանդիսացել, որ ուսանողուհին թատրոնին դատի տա: Ընդ որում, 4 ամիս փորձ է արվել, եւ դա բավարար էր ներկայացումը հանձնելու համար: Չնայած այն բանին, որ ազատման հրամանը եղել է, դերասան-դերասանուհիները պարտաճանաչորեն ներկա են գտնվել, բայց էլի արդյունք չի եղել, մարդը 4 ամսում մի բեմադրություն էլ չի կարողացել հանձնել, այն դեպքում, երբ թատրոնը 7 ամսում 5 բեմադրություն է հանձնել: Ի դեպ, Էլեոնորան 4 ամսվա համար աշխատավարձ է ստացել:

Մյուս հայցը թատրոնի գեղարվեստական ղեկավարինն է` Հայկ Մնացականյանինը, որը քանիցս հայտարարել է, որ իր աներձագը դատավոր է: Տարիներ շարունակ ոչ մի նոր գործ չի արվել, 15 տարի ոչ մի նոր ռեժիսոր մեր թատրոն չի մտել: Ես ինքս քանիցս ասել եմ` հրավիրենք այս կամ այն ռեժիսորին, թարմություն է պետք, բայց ապարդյուն: Անցյալ տարվա մարտին խաղացել ենք 10 տարի առաջ բեմադրած ներկայացումը ու դրանով սահմանափակվել է ամեն ինչ: Ախր դերասանի համար էլ է հետաքրքիր նոր ռեժիսորի հետ աշխատելը: Փաստորեն, առաջին ատյանի դատարանը հօգուտ իրեն է վճիռ կայացրել: Մենք էլ դիմել ենք Վերաքննիչ դատարան: Առաջին ատյանի դատարանի որոշումը մեզ մոտ մտահոգություն է առաջացրել: Մեր ցանկությունն է, որ կոռուպցիոն ռիսկերը նվազեն, դատարանի վրա էլ ճնշում չլինի»:

ՀՀ վաստակավոր արտիստ Բագրատ Գեւորգյանը նշեց, որ ժամանակին Հայկ Մնացականյանը եղել է իրենց լավագույն ընկերըը, ու այնպես չէ, որ նրա հանդեպ անձնական թշնամանք ունեն. «Մենք վախ ունենք, որ հանկարծ այդ ընկերությունը չդառնա շանտղություն ու թշնամանք առաջանա: 1998թ. Հայկ Մնացականյանը նշանակվեց գեղարվեստական ղեկավար, 5 տարի շարունակ մեզ հետ միասին համատեղ գեղխորհրդով անցկացրել է պիեսներ, բեմադրել ենք, թարմություն էր, մինչ այդ տարբեր ռեժիսորներ էլ են եկել, ներկայացումներ արել…5-րդ տարուց սկսած թափանիվը սկսեց հակառակ շրջվել: Ինքը ժանրային տեսանկյունից նորություն բերեց, խոսքը կոնտամինացիայի մասին է, մինչ այդ չէր եղել այդպիսի բան` վերցնում ես տարբեր հեղինակների գործեր, գումարած ռեժիսորի մտահղացումը, ստանում ես պիես ու հանձնում հանդիսականի դատին: Սկզբում հետաքրքիր էր՝ մեկ-երկու, երեք, չորս, արդեն դարձավ 70, արդեն ոչ թե կոնտամինացիա էր, այլ Հայկամինացիա: Մեր դասական գրողներին վերցնում միացնում է իրար, դնում է իր անունը եւ դարձնում իբր թե բեմադրություն: Փաստորեն, եղել է միապետություն, ինքը սարքել, ինքը բեմադրել է: Մենք չենք ընդվզել, որովհետեւ թատրոնում կոլեգաներ էինք, թատրոնից դուրս ընկերներ, բայց հետո այս մարդը կթան կովի նման խփեց ու ամեն ինչ թափեց, ընկավ դատարանի դռները: Մեզ էլ ասաց՝ վերջապես թատրոնը թատրոն է դառնում, թատրոնին դատի է տվել: Եկավ մի ժամանակ, ասացինք՝ Հայկ Վազգենիչ ջան, հոգնեցինք կոնտամինացիաներից, եկեք հիմա էլ նոր մարդ հրավիրենք, թող ներկայացում անի: Ասում էր՝ փող չկա: Մինչդեռ փողը ինքը չի տալիս, տալիս է տնօրինությունը, ադմինիստրացիան է այդ ներկայացումը վաճառում, ուրեմն թույլ տուր իրենք որոշեն, թե ինչ ենք ընտրում: Թե չէ ինքդ պիեսը դնում ես, ինքդ բեմադրում շիլաշփոթը, հանդիսատեսն էլ գալիս է, ասում է՝ լավն են դերասանները:

Վերջին ակորդը եղավ այն, որ էլի բերեց Համո Սահյանին միացրեց կարծեմ Ռազմիկ Դավոյանի հետ: Սա եղավ գագաթնակետը, խումբը կանգնեց եւ ասաց, որ այլեւս չի ուզում իր հետ աշխատել: Տնօրենը, որ նոր էր, ասաց պատճառաբանեք, թե ինչու չեք ուզում աշխատել, ես ձեզ աշխատավարձ չեմ տալու: Մարդիկ էլ բացատրագիր գրեցին:

Թատրոնում կան 20 տարեկան մարդիկ, որ հիմա 40 են, բայց ոչինչ չեն խաղացել, եղել են ճ տղամարդ, ա տղամարդ, բ տղամարդ, ճ կին, բ կին, մարդիկ դեր են ուզում խաղալ: 40 տարեկանները 60 են դարձել, ոչինչ չեն խաղացել: Նվազագույն աշխատավարձով ենք աշխատել: Եթե դրամը արհամարհում ենք, հանուն արվեստի ենք մնում, բայց ախր արվեստն էլ չկա… Եղբայր, եթե դու սպառվել ես արդեն, իսկ դա փաստ է, թող ուրիշները ներկայացում անեն: Ինքն ասում է, որ դեռ վերադառնալու եմ, թարմ ուժերով է գալու: 69 տարեկան մարդը ո՞նց կարող է թարմ ուժերով գալ: Անձամբ ես ուզում եմ երիտասարդ ռեժիսորներ գան, դարաշրջան է փոխվել, կարգեր են փոխվել, մարդիկ ուզում են խաղալ, բայց չկա այդ հնարավորությունը: Դու 20 տարի շարունակ մեզ հետ հաց ես կիսել ու առանց մեզ հետ խոսելու գնացել դատի ես տվել այն թատրոնին, որտեղից 20 տարի սնվել ես»:

Դերասան փոխտնօրեն Կամո Նաղդալյանը ընդգծում է. «Հայկ Մնացականյանի վերադարձը թատրոն այնպիսի իրավիճակ կստեղծի, որ այլեւս շարունակել ստեղծագործական պրոցեսը անհնարին կդառնա: Նա արդեն ամեն ինչ արել էր, որ դերասանական խմբի մեծ մասը դեմ արտահայտվի իր հետ աշխատելուն եւ այսօր էլ գործադուլային վիճակ է: Աշխատակիցների 70 տոկոսը հայտարարում է, որ եթե նա վերադարձավ թատրոն, իրենք չեն աշխատելու: Նախ նրան չեն հեռացրել թատրոնից, թատրոնի տնօրենը նրա հետ կապել է որոշակի ժամանակով պայմանագիր, եւ ժամկետը լրանալուց հետո պատշաճ ձեւով տեղեկացվել է ու չի թարմացվել: Ի դեպ, առանց գեղարվեստական ղեկավարի ներկայացումներ են բեմադրվել, հանդիսատեսի աճ ենք ունեցել, բավականին առաջընթաց ունենք նախորդ 10 տարվա նկատմամբ` այս մի տարվա ընթացքում: Եթե թատրոնը նախկինում գոյատեւել է, դա եղել է նախկին տնօրենի եւ թատրոնի դերասանների ժրաջան աշխատանքի արդյունքում, ինքը շատ փոքր դերակատարություն է ունեցել:

Հայկ Մնացականյանը հայտարարել է, որ հոգեբան է հրավիրելու դերասանների համար: Եղբայր, մենք քեզ հետ չենք ուզում աշխատել: Նաեւ վիրավորական դաշտ է տեղափոխում խնդիրը: Մենք երբեք անձնական դաշտում չենք դիտարկել խնդիրը, մեր պահանջն արդարացի է, ինչի համար պայքարելու ենք մինչեւ վերջ: Աշխատանքային պրոցեսը ստեղծագործական պրոցես է, եթե դու եկար, քեզ հետ ո՞նց են աշխատելու, թատրոնը փլուզվելու է, տնօրենը 14 դերասաններին ազատի, ասի դու լավ տղա ես, դու արի աշխատի:

Մեզ համար թատրոնի շահն է կարեւոր, դրա համար Վերաքննիչ դատարան է դիմել թատրոնը, բողոք ենք ներկայացրել եւ հիմնավորել, թե ինչու ենք որոշակի ժամանակով պայմանագիր կապել անձի հետ»:

Դերասանուհի Սառա Ռուշանյանն էլ հավելում է. «Մենք ուզում ենք խաղալ, լինել այդ թատրոնում, բայց չենք ուզում, որ լինի անառողջ մթնոլորտ: Հայկ Վազգենիչի օրոք ես եղել եմ դագաղ բռնող, 20 տարի էդ թատրոնում եմ, երեւի 1-2 գլխավոր դեր է վստահել, մինչդեռ ուրիշ ռեժիսորներ տեսել են, որ գլխավոր դերեր կարող ենք խաղալ: Իր վերադարձ թատրոն հաստատ լավ չի ստացվի: Հայկ Վազգենիչը չի ուզում գալ, ուզում է էդ թատրոնից փող տանել, ինքը վերաբեմադրել է 10 -15 տարի առաջ բեմադրված ներկայացումը, գումարը կորզել, դրել է իր գրպանը: Մենք չենք ուզում այդպես շարունակվի, ուզում ենք աշխատել»:

Թատրոնի դերասան Կարեն Սիմոնյանը փաստեց, որ իրենց թատրոնը տարիներ շարունակ իր դեմքով չի ներկայացել փառատոների: «Իրականում Հայկ Մնացականյանի օրոք չեն բեմադրվել այնպիսի ներկայացումներ, որ կարողանայինք ներկայանալի լինել փառատոներին: Դա էլ է եղել դրդապատճառ, որ հրաժարվենք իր հետ աշխատելուց: Օրինակ, ես 2010 թ.-ից աշխատում եմ թատրոնում, սակայն ես ու իմ նման դերասանները չեն խաղացել կերպարներ, որ ասեն էս մարդը կերտել է կերպար, ինչպես արդեն նշվեց, բոլորս եղել ենք ա տղամարդ, բ տղամարդ, ճ տղամարդ: Ես հարգում եմ իր վաստակը, իր անձի հետ խնդիր չունեմ, պարզապես որպես երիտասարդ դերասան, ուզում եմ աշխատել, չեմ ուզում ժամանակից շուտ, ինչպես բռցքամարտիկների դեպքում է, ձեռնոցներս հանեմ-կախեմ մեխից: Սա 2080 տարեկան թատրոն է, որը կանգնած է փաստի առաջ, ինչը խոչընդոտում է մեզ աշխատել»:

Ամո Խարազյանի անվան թատրոնի տնօրեն Գագիկ Ռոստոմյանը նշեց, որ գեղարվեստական ղեկավարը 500 հազար դրամից ավելի պարգեւատրումներ է ստացել, երբ ներկայացումներ չեն բեմադրվել. «Փաստորեն, թատրոնում նոր խոսք չասելու համար փո՞ղ են ստանում»: Նաեւ հավելեց, որ թատրոնի 58 աշխատողներից 34-ը անընդունելի է համարում գեղարվեստական ղեկավարի վերադարձը ու հրաժարվում նրա հետ աշխատել: Իրենք առայժմ գործադուլի չեն դիմում՝ մինչեւ վերաքննիչ ատյանի որոշումը:

«Առավոտը» կապվեց նաեւ թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայկ Մնացականյանի հետ: «Ես այնտեղ այլեւս ընկերներ չունեմ, այնտեղ ընկերներ չեն կարող լինել, միջակություն է ոտքի կանգնել»:

Մեր դիտարկմանը, որ դերասանները պնդում են, թե նոր ներկայացումներ չի բեմադրել, Հայկ Մնացականյանը պատասխանեց. «Այն ներկայացումները, որ բեմադրել եմ, ժամանակին խաղացվել են Երեւանում, ինձանից ակտիվ աշխատող այդ թատրոնում երբեք գոյություն չի ունեցել: Ինձանից հետո մի քանի ներկայացում են բեմադրել, թող մասնագետները նայեն, թե ինչ որակի են դրանք: Իհարկե, որ այնտեղ չլինեմ, շատ հետաքրքիր կլինի: Մի երկու հոգի կան, որ երազում են բեմադրություններ անել, թեեւ ես նրանց տվել եմ այդ հնարավորությունը, բայց երկուսն էլ բարձրագույն կրթություն չունեն, որ կարողանան լիարժեք բեմադրություն անել: Նոր տնօրեն է եկել` Գագիկ Ռոստոմյանը, ում իր բաջանաղ Արմեն Ամիրյանը 63 տարեկանում նշանակեց թատրոնի տնօրեն, ու այն հաշվարկով, որ հետո դառնալու է գեղարվեստական ղեկավար»:

Հիշեցրինք դերասանների պնդումը, թե Հայկ Մնացականյանի աներձագը դատական համակարգում է աշխատում, եւ ըստ նրանց, նպաստել է, որ դատը շահի: Մեր զրուցակիցը պատասխանեց, որ աներձագը տեղյակ չէ, որ ինքը դատի է տվել թատրոնին ու շահել դատը, քանի որ վաղուց Մոսկվայում է եւ այլեւս դատական համակարգում չէ:

Մեր հարցին` ինչպե՞ս է պատկերացնում խնդրի հանգուցալուծումը, Հայկ Մնացականյանը պատասխանեց. «Ես գալու եմ իմ գործին, ով կուզի ինձ հետ աշխատել, թող աշխատի, ով չի ցանկանա, այդտեղ թող ինքն իր մասին մտածի: Եթե գնամ թատրոն, նախարարությունից պետք է անպայման մասնագետներ հրավիրեմ, որ գան վերջնական տարիֆիկացիա է, կլասիֆիկացիա է, ինչ է, անեն, որպեսզի միջակությունը թատրոնից դուրս գա, նոր աշխատեմ: Այդ թատրոնի տնօրենը եւս թատրոնի հետ կապ չունի: Նա եկավ-չեկավ՝ բոլորին խառնեց իրար, ամեն ինչ իր օգտին արեց, իրեն էլ հռչակել է գեղարվեստական ղեկավար, ընտրել է նոր գեղարվեստական խորհուրդ այն մարդկանցից, որոնք աջակցել են իրեն: Այո, ես դատի եմ տվել, եթե սխալ եմ, թող դատարանը որոշի: Ես պատրաստվում եմ այս ամեն ինչից հետո նաեւ հայտարարությամբ հանդես գալ…Փաստորեն, 63 տարեկան բաջանաղին նշանակել են տնօրեն, որ դառնա գեղարվեստական ղեկավար, բայց ինձ չհանեցին գեղղեկավարի պաշտոնից, այլ իրեն ժամանակ տվեցին, որ 4 ամսում նոր պայմանագրեր կապի: Ես էլ բոլորին ասացի, որ դա անում է միայն ինձ համար, որ ինձանից ազատվեն…Այժմ ես օրինական ճանապարհով քայլ եմ արել, ոչ վիրավորել եմ որեւէ մեկին, ոչ էլ մի այլ բան եմ արել, թող իրենք էլ օրինական ճանապարհով գնան»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում