Կոնստանտին Օրբելյան․ «Ծրագրերը շատ են, ակնկալում ենք աջակցություն թե՛ մասնավոր հատվածից, և թե՛ մեր պետությունից»
Նմանատիպ
Ամանորյա ընդմիջումից հետո զրուցում ենք Հայաստանի Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի հետ։
– Տարին սկսում ենք «Չիպոլինո» մանկական բալետի է՛լ ավելի ակտիվ ցուցադրմամբ․․Ես բոլոր ծնողներին ասում եմ․ ցույց տվեք ձեր երեխաներին հրաշալի համանուն մուլտիպլիկացիոն կինոնկարը․․․
– Համարում եք այս նախագիծը հաջողվա՞ծ։
– Անշու՛շտ։
– Իսկ չե՞ք մտածում արդյոք «Չիպոլինո»-ի մեր՝ հայկական բեմադրությունը արտահանելու մասին։
– Ինչու ո՛չ, ծրագրերը շատ են, սակայն դրանց իրագործման համար ակնկալում ենք՝ առաջին հերթին՝ մեր պետության աջակցությունը։
Փետրվարին Վ․Ա․Մոցարտի «Կախարդական սրինգի» երևանյան առաջնախաղն է՝ պրեմիերան․․․Ինչպես հիշում եք, այն մենք անցած տարի մեծ հաջողությամբ ներկայացրինք Դուբայում։
Փետրվարի 20-ին այստեղ մենք նշում ենք ականավոր երգիչ (բաս) ազգությամբ վրացի Պաատա Բուրչուլաձեի 60-ամյակը։ Նա համերգ կտա մեր թատրոնում; առաջին անգամ Հայաստանում կկատարվի Վերդիի «Ատիլլա» օպերան՝ մեր երգիչների մասնակցությամբ։
Իսկ ապրիլի սկզբին պլանավորել եք մեր թատրոնում ներկայացնել «Նորման»՝ Պաոլո Միչիկեի մեկնաբանությամբ։ Մենակատարներ՝ Անահիտ Մխիթարյան, Մարինե Դեինյան։
Այնուհետև՝ մեծապես Մկրտիչ Բաբաջանյանի ջանքերով բեմադրելու ենք Ռոսինիի «Ճամփորդություն դեպի Րեյմս» օպերան՝ համերգային ձևաչափով։
Հարկավոր է նաև գոնե մեկ նոր ռուսական օպերա բեմադրել՝ համաշխարհային խաղացանկից, ասենք, «Եվգենի Օնեգին»-ը։
Իսկ սեպտեմբերի սկզբերին՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ ներկայացնելու ենք «Անուշը»՝ իհարկե՛, նոր բեմադրությամբ։
Կրկնեմ․մենք սպասում ենք հովանավորների՝ թե՛ պետական, և թե՛ մասնավոր։
(Այստեղ տեղին ենք համարում հիշեցնել, որ տևական ժամանակ է արդեն մաեստրո Օրբելյանն անձամբ է հոգում նորանոր ներկայացումներ բեմադրելու, և մի շարք այլ ծախսեր- Գ. Խ.)։
– Չգիտեմ, թե ինչու՞, հիշեցի «Jesus Christ Superstar» լեգենդար ռոք-օպերան․․․Դուք երբևէ չե՞ք մտածել նմանատիպ մի բան այստեղ բեմադրելու մասին:
– Հիմա մի բան կասեմ, կարող է մի փոքր անակնկալ լինի․ դեռ հեռավոր 1963-ին հենց այստեղ, մեր օպերային թատրոնում առաջին անգամ նախկին ԽՍՀՄ-ում բեմադրվեց Լեոնարդ Բերնստայնի լեգենդար «Վեստսայդյան պատմություն» մյուզիքլը (“Westside Story”): Պատկերացնու՞մ եք․․․(Մաեստրո Օրբելյանը պահարանից հանում է խնամքով պահվող մյուզիքլի ձեռագիր նոթատետր․- Գ. Խ.):
Տեսնե՛նք, դա երևի ապրիլին կլինի՝ Երևանում ԱՄՆ դեսպանությունում մի փոքր դրամաշնորհ ենք շահել՝ մյուզիքլը նորից այստեղ բեմադրելու համար։
Օգտվելով իմ կողմից շատ հարգված «Առավոտի» ընձեռած հնարավորությունից, ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն, հրապարակում, կամ՝ նույնիսկ ձայնագրություն ունեն այդ պատմական իրադարձության վերաբերյալ՝ դրանք մեր թատրոնին տրամադրելու խնդրանքով։ …
Դե՛, արդեն գիտե՛ք, որ փետրվարի 10-ին ԱՄՆ-ում կայանալու է հերթական «Grammy» մրցանակաբաշխությունը, և Վերդիի «Րիգոլետտո» օպերայի ձայնագրությունը՝ կատարմամբ Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի՝ Ձեր խոնարհ ծառայի ղեկավարությամբ, մեծն երգիչ, իմ լավագույն բարեկամներից լուսահոգի Դմիտրի Խվորոստովսկու, այլ աշխարհահռչակ մենակատարների՝ Նադին Սիերայի, Ֆրանչեսկո Դեմուրոյի մասնակցությամբ ներկայացվել է այդ հեղինակավոր մրցանակին «Լավագույն օպերային ձայնագրություն» անվանակարգում; ինձ համար դա արդեն “Grammy”-ի երրորդ ներկայացումն է։
Այնտեղ ներկա են լինելու Դմիտրիի այրին՝ Ֆլորանսը, իր զավակները՝ Մաքսիմը և Նինան։ Հուսա՛նք, որ այս անգամ հաջողության կհասնենք՝ առաջին հերթին սիրելի Դմիտրիի հիշատակը հավերժացնելու համար, չէ՞ որ դա իր վերջին ձայնագրությունն էր․․․
Զրուցեց Գուրգեն ԽԱԺԱԿՅԱՆԸ
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում