Գլենդել չհասած՝ տոմսերը սպառվել են․ Գյումրու թատրոնի անձնակազմը վաղը կմեկնի ԱՄՆ

Գլենդել չհասած՝ տոմսերը սպառվել են․ Գյումրու թատրոնի անձնակազմը վաղը կմեկնի ԱՄՆ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի 16 հոգուց բաղկացած կազմը վաղը հյուրախաղերով կմեկնի ԱՄՆ-ի Գլենդել քաղաք։ «Լանթերման Աուդիտորիում» սրահում կներկայացվի ապրիլյան քառօրյային նվիրված «Հարսանիք թիկունքում»-ը, որի հունվարի 27-ի տոմսերն արդեն սպառված են։

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց թատրոնի մենեջեր Նվարդ Ղազարյանը։ Վերջինս նշեց, որ հյուրախաղը կազմակերպիչ ունի․ ԱՄՆ-ում կազմակերպչական հարցերով զբաղվել է «Գլոբալ Արթս» ընկերության տնօրեն Կարպիզ Թիթիզյանը։ ՀՀ մշակույթի նախարարությունն էլ հոգացել է չվերթի ծախսերը։

«Մենք ԱՄՆ-ում կլինենք 20 օր, առաջին ներկայացման՝ հունվարի 27-ի տոմսերն ամբողջությամբ վաճառված են, վաճառվում են արդեն երկրորդ ներկայացման՝ փետրվարի 3-ի տոմսերը։ Ներկայացման մյուս օրերը դեռևս հստակեցված չեն։ Արձագանքները շատ են, Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցներն արդեն իսկ կապ են հաստատում մեր հետ, շատ ոգևորված են։ Տոմսերը վաճառվում են շատ արագ, նույնիսկ կազմակերպիչների սպասումներից էլ ավելի լավ։ Այնտեղ դեկորն առանձին պատրաստվել էր, անցած տարվանից մենք գծագրերն ամբողջությամբ ուղարկել ենք, ԱՄՆ-ում բնակվող մեր գյումրեցի ընկերները սարքել են, ռեկվիզիտորը էլի նույն ձևով՝ գծագրերով, նկարներով ուղարկել ենք, պատրաստել են։ Գնում, պատրաստի մտնում ենք բեմ»,- ասաց Նվարդ Ղազարյանը։

Նա նշեց, որ այլ հրավերներ կան նաև արտերկրից՝ մասնավորապես Գերմանիայից, Ավտրալիայից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում